ՀՀ քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Գյումրու քաղաքապետի թեկնածու, ԲՀԿ֊ական Վարդևան Գրիգորյանի որդու՝ Արշակ Գրիգորյանի մահվան դեպքի առթիվ։
«Սեպտեմբերի 20-ին՝ ժամը 13։20-ի սահմաններում, Գյումրիի բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ գլխի շրջանում հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել Արշակ Գրիգորյանի դիակը», ֊ ասված է Քննչական կոմիտեի հաղորդագրության մեջ։
Պաշտոնական մարմինը նշում է նաև՝ քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ երիտասարդը հրազենային վնասվածքն ստացել է իրենց առանձնատան նկուղում արձակված կրակոցի հետևանքով։ Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են արյան հետքեր, «Մակարով» տեսակի ատրճանակ՝ լիցքավորված փամփուշտներով, մեկ պարկուճ։
Դեպքի առթիվ քրգործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ (Ինքնասպանության հասցնելը) և 235-րդ հոդվածներով (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը)։ Կատարվում են փորձաքննություններ։