Հայաստանում բարձրաստիճան դատավորներն ու դատախազները կարծում են, որ Հայաստանում դատական իշխանության հիմնական խոչընդոտը դատարանների գերծանրաբեռնվածությունն է, դատավորների ցածր աշխատավարձը։ Կոռուպցիան, ըստ նրանց, հայաստանյան երևույթ չէ, այլ ժառանգություն՝ Խորհրդային Միությունից։ Հայաստանցի իրավաբաններն ու իրավագետներն դատական համակարգի խնդիրների մասին իրենց կարծիքները կիսել են Դանիական միգրացիոն ծառայության ներկայացուցիչների հետ ապրիլին տեղի ունեցած հանդիպումների ընթացքում, որոնց արդյունքում դանիական կողմը զեկույց է ներկայացրել։
Դանիական պատվիրակության ներկայացուցիչների հետ զրույցում Վճռաբեկ դատարանի նախագահ Արմեն Մկրտումյանն (լուսանկարում) ասել է, որ կոռուպցիայի հետ կապված խնդիրը դատարանի վճիռները չեն, այլ մարդիկ, ովքեր կարող են կաշառքների զոհ դառնալ։ Մկրտումյանի պնդմամբ՝ կան դեպքեր երբ փաստաբաններ դրամ են շորթում են իրենց հաճախորդներից՝ ասելով, թե դա կաշառք է, որը կապահովի անհրաժեշտ դատավճիռը։
Գլխավոր դատախազի տեղակալ Էմիլ Բաբայանը զեկույցի հեղինակների հետ զրույցում չի հերքել, թե ոստիկանության համակարգում կոռուպցիա կա։ Ինչևէ, ըստ նրա, կոռուպցիայի մակարդակը Հայաստանում չի տարբերվում նախկին խորհրդային հանրապետություններից․ նրա խոսքով՝ Հայաստանի ոստիկանությունը կոռուպցիան ժառանգել է նախկին Խորհրդային Միությունից։
Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհբարյանը խորհրդային հետքը նկատում է նաև դատական համակարգում։ Նա ասել է, որ դեռ կան գործող դատավորներ, որոնք կրթություն են ստացել ԽՍՀՄ֊ում, կրում են խորհրդային դատախազական դպրոցի ազդեցությունը։ Դատավորներն էլ հակված են մտածել, որ եթե գործը հասել է դատարան, ապա կասկածյալը մեղավոր է։
Դատավորների միության նախագահ Հրաչիկ Սարգսյանը և նույն միության գործադիր տնօրեն Վահե Ենգիբարյանն դանիացի հետազոտողներին ասել են, որ կոռուպցիա կա ինչպես Հայաստանում, այնպես էլ ամբողջ աշխարհում։ Նրանք պնդել են, որ Հայաստանում դատարանները գերծանաբեռնված են՝ նշելով նաև, որ չգիտեն գեթ մեկ հետխորհրդային երկիր, որտեղ այդ խնդիրը չկա։
Այն հարցին, թե որն է դատական համակարգի անկախությանն ամենամեծ սպառնալիքները՝ Դատավորների միությունում մատնանշել են դատավորների ցածր աշխատավարձն ու ցածր թոշակը։
Դատարանների ծանրաբեռնվածությանն անդրադրաձել էր նաև Արման Մկրտումյանը՝ դա համարելով դատական իշխանության միակ խոչընդոտը․ Հայաստանի բնակչությունը 3 միլինոն է, և հետևաբար, համաձայն եվրոպական ստանդարտների Հայաստանը պետք է ունենար 600 դատավոր, բայց ունի՝ 234։ Խնդիրը նա կապել է պետական միջոցների բավարար չլինելու հետ։
Խոսելով արդար դատավարության մասին՝ Մկրտումյանն ասել է, որ համաձայն չէ փաստաբանների քննադատության հետ, թե նախաքննության ընթացքում պաշտպանական կողմը չի ունենում գործի նյութերն ուսումնասիրելու հնարավորություն։ Ավելին, ըստ նրա, գործի նյութերը «չափից դուրս» հասանելի են պաշտպանության կողմին։ Վճռաբեկ դատարանի նախագահն ասել է, որ նման կարծիքը Հայաստանում ընթացող գործընթացը սխալ ներկայացնելու հետևանքով է, ու ինքը ցավում է, որ մեդիան այդ պատկերն է ստեղծել։