Հուլիսի 17-ին ՊՊԾ գնդի գրավման հետևանքով դատական նիստերի հետաձգումը ևս մեկ անգամ ապացուցեցին, որ Գևորգ Սաֆարյանին քաղաքական պատճառներով պատանդ են պահում։ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների առաջին ատյանի դատարանում 2 ամիս դադարից հետո այսօր վերսկսված դատավարության ժամանակ այս մասին հայտարարել է Ամանորի գիշերը ոստիկանների հետ բախման հետևանքով ձերբակալված «Հիմնադիր խորհրդարան» նախաձեռնության անդամ Գևորգ Սաֆարյանը:
Այսօրվա դատական նիստին հարցաքննվել է վկաներից Արթուր Պետրոսյանը, որին ներկայացրել են որպես օպերային թատրոնի հարևանությամբ գործող գիշերային սրճարանի անվտանգության աշխատող:
Նա պնդել է, որ ականատես է եղել ակտիվիստների և ոստիկանների միջև տեղի ունեցած քաշքշուկին, որի ընթացքում լսել է, թե ինչպես են ակտիվիստները հայհոյում ոստիկաններին։
Գևորգ Սաֆարյանը փորձել է ճշտել, թե ինչպես է անվտանգության աշխատակիցը հասկացել, որ հայհոյանքները ուղված է եղել հենց ոստիկաններին, սակայն վկան դժվարացավ պատասխանել։ Վկայի հարցաքննությունից հետո դատարանը քննեց գործին վերաբերվող նյութերը, այդ թվում նաև իրեղեն ապացույց համարվող Գևորգ Սաֆարյանի տաբատը։
Ներկայացված հագուստի վրա առկա էին սև հետքեր, որոնք, Սաֆարյանի փաստաբանի խոսքով, ապացուցում են այն փաստը, որ Սաֆարյանը ոստիկանների կողմից ոտքով հարվածներ է ստացել։ Սակայն մեղադրող դատախազ Վահե Դոլմազյանի համար հետքերը բավարար չէին։ Վերջինս նշել է, որ հետքերի առկայությունը չի ապացուցում, որ դրանք ոստիկանի կոշիկի հետքեր են։
«Մենք էլ տաբատը տվել ենք, որ փորձաքննություն անցկացվի ու պարզվի, թե հետքերը ումն են։ Մենք ի՞նչ անենք, որ չեն ուսումնասիրել»,- ասել է Սաֆարյանի փաստաբան Տիգրան Հայրապետյանը։
Նիստի վերջում Գևորգ Սաֆարյանը հայտարարությամբ է հանդես եկել, որում նախ հետաքրքվել է՝ ինչո՞ւ էին դատերը հետաձգվում։ Դատավոր Մնացական Մարտիրոսյանը պարզաբանել է, թե ամբաստանյալը չէր ներկայացել դատական նիստին։ Ներկաների մոտ դատավորի հայտարարությունը ծիծաղ է առաջացրել, իսկ Սաֆարյանը նշել է, որ ինքը կալանավորված է և, ըստ օրենքի, դատարանը պետք է ապահովեր իր ներկայաությունը։
Մեղադրյալն ընդգծել է, որ դատարանի այդ քայլը ևս մեկ անգամ ապացուցում է, որ իր դեմ հարուցված քրեական գործը իրավաբանության հետ կապ չունի և քաղաքական հետապնդում է։ Նա նշել է, որ ՊՊԾ գնդի գրավման պատճառով իրեն պատանդ էին պահում, քանի որ պարզ էր, թե ովքեր էին գրավել գունդը (Գունդը գրաված անձանցից մի քանիսը «Հիմնադիր խորհրդարան» նախաձեռնության անդամներ էին ֊ խմբ․)։ Դատավորն ընդհատել է Սաֆարյանին՝ պատճառաբանելով, թե նա չի խոսում ըստ էության, և իր հայտարարության բովանդակությունը կապ չունի մեղադրանքի հետ։
Սաֆարյանը չի համաձայնել դատավորի հետ և պնդել է, որ տեղի ունեցածը անմիջական կապ ունի քննվող գործի հետ, քանի որ այն նույն ոստիկանների կատարած հանցագործության շարունակությունն է։
Դատախազն առարկել է Սաֆարյանի հայտարարությանը՝ նշելով, որ ամբաստանյալը «նորից նույն երգն է երգում»։ Դատախազի այդ արտահայտությունը առաջացրել է դահլիճում ներկա Սաֆարյանի աջակիցների զայրույթը։ Մարդիկ աղմուկ են բարձրացրել ու սկսել դատախազին մեղադրել ծախված լինելու մեջ՝ «դու ոստիկանների փաստաբանն էս, թե՞ դատախազ»։
Գևորգ Սաֆարյանը դատավորից պահանջել է զսպել դատախազին, քանի որ նա «իր չափերն անցնում է»։ Դահլիճում աղմուկ է բարձրացել, որից հետո դատավորը հայտարարել է, որ նիստն ավարտված է և Սաֆարյանն իր հայտարարությունը կարող է անել հաջորդ՝ հոկտեմբերի 11-ին կայանալիք դատական նիստին։
Ներկաները վրդովված դատավորի հետևից բղավում էին՝ «ծախվածի մեկը»։
Հիշեցնենք, որ ակտիվիստ Գևորգ Սաֆարյանը այս տարվա հունվարի 1-ին բերման էր ենթարկվել Ազատության հրապարակից։ Նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով (Իշխանության ներկայացուցչի կամ նրա մերձավոր ազգականի նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելը): Նա մեղադրվում է ոստիկանության մայոր Գեղամ Խաչատրյանին հարվածելու մեջ: Մեղադրանքն առաջադրվել է միմիայն ոստիկանների ցուցմունքների հիման վրա։ Սաֆարյանն իր դեմ հարուցված գործը քաղաքական հետապնդում է համարում: