Անցյալ տարվա նոյեմբերին ձերբակալված «զինված խմբի» գործով նախաքննությունն արդեն ավարտվել և գործով անցնող 20 մեղադրյալների մեղադրանքը խստացվել է: Հանցավոր համագործակցություն ստեղծելու կամ մասնակցելու և ապօրինի զենք, զինամթերք ձեռք բերելու, իրացնելու մեղադրանքներին գումարվել է իշխանության զավթման նախապատրաստության փորձը: Այս մասին գրում է «Հրապարակ» օրաթերթը, որի թղթակիցը զրուցել է գործում ներգրավված փաստաբանների հետ:
Թերթի հաղորդմամբ՝ փաստաբաններին զարմացրել է մեղադրանքի խստացումը, քանի որ վերջին 3-4 ամիսների ընթացքում քննչական գործողություններ գրեթե չեն արվել։
«Հանկարծ կտրուկ մեղադրանքը լրացրեցին և պատրաստվում են ուղարկել դատարան»,- թերթի հետ զրույցում ասել է «Հայրենիք և պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանի շահերի պաշտպան Հովիկ Արսենյանը։
Վերջինս, ինչպես նաև մյուս փաստաբանները դժվարացել են նշել, թե ինչ ապացույցներ են մեղադրանքի հիմք ընդունվել, որոնք են այդ փաստերը, որ վարույթն իրականացնող մարմինը բավարար է գտել մարդկանց նման ծանր հանցագործություններ մեղսագրելու համար։
Ըստ Հովիկ Արսենյանի՝ մեղադրանքի ծավալի ավելացման հարցում դեր են խաղացել «Սասնա ծռերի» շուրջ ծավալվող իրադարձությունները։
«Իրավիճակն է փոխվել, ես կարծում եմ՝ «Սասնա ծռերի» դեպքերից հետո քննչական մարմինն ավելի մեծ համարձակություն ստացավ նման քայլեր կատարելու», – ասել է Արսենյանը։
Զինված խմբի պարագլուխ համարվող Արթուր Վարդանյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանը թերթի հետ զրույցում իշխանության յուրացման նախապատրաստության փորձը որակել է որպես «այլանդակ հոդված», ինչը կարող են ցանկացած անձի վրա դնել, որը մի փոքր փորձում է ըմբոստանալ։
Թերթը հիշեցնում է, որ երբ Արթուր Վարդանյանը և նրա ընկերները նոր էին ձերբակալվել, մամուլում տարածվել էր Վարդանյանի ղեկավարած «Հայոց վահան» կազմակերպության էջում տեղադրված նրա հարցազրույցը, որում նա քննադատում էր Հայաստանի իշխանություններին, խոսում էր արտագաղթի մասին:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 25-ին ԱԱԾ֊ն հայտնել էր, որ բացահայտել է «կազմակերպված հանցավոր խմբակցություն», որի ղեկավարն է 34-ամյա Արթուր Վարդանյանը։ Պաշտոնական վարկածի համաձայն` խմբի անդամները հանցագործություններ էին պատրաստում «քաղաքական գործիչների, քաղաքացիների, պետության առանձին ճյուղերի դեմ»։ Գործի շրջանակներում ձերբակալվել են տասնյակ անձինք, այդ թվում՝ ՀՀ Պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը։