Արդեն 2 տարի է Բյուրեղավանի «Glass World Company» ընկերության ապակու գործարանի նախկին աշխատակիցները չեն կարողանում իրենց մի քանի ամսվա չվճարված աշխատավարձը ստանալ։
Այսօր ՀՀ կառավարության շենքի դիմաց իրենց բողոքի ցույցն անցկացնելուց հետո նրանք գնացել են ՀՀ նախագահի նստավայր։ Աշխատակիցները պահանջում են, որ երկրի իշխանությունները պարտադրեն գործարանի ղեկավարներին վճարել իրենց աշխատավարձերը։
Epress.am-ի հետ զրույցում նախկին աշխատակիցներից Համլետ Հարությունյանը նշել է, որ իրենք դիմել են հնարավոր բոլոր մարմիններին և դատարանն էլ որոշում է կայացրել ի օգուտ իրենց, սակայն ոչ ոք չի կարողանում պարտադրել գործարանի ղեկավարությանը վճարել գումարները։
«Չեմ հասկանում երկրի նախագահն է՞լ չի կարողանում պարտադրել գործարանի ղեկավարին, որ վճարի մեր գումարները։ Այնպիսի տպավորություն է, որ գործարանի ղեկավարն էս երկրում ամենակարող մարդն է և ոչ֊ոք իրեն չի կարող ստիպել, որ դատարանով հաստատված որոշումն իրականացվի։ Չենք հասկանում՝ ինչ անենք։ Գնանք մարդ սպանե՞նք, որ ապրենք», – ասել է Հարությունյանը։
Նրա խոսքով՝ ընկերությունն աշխատակիցներից յուրաքանչյուրին 150-ից 450 հազար դրամ է պարտք։
«Էն ժամանակ, որ բողոքում էինք, մի քանի կոպեկ տալիս էին, խաբում, ճանապարհում էին, բայց արդեն դանակը ոսկորին է հասել ու պահանջում ենք, որ վերջնականապես վճարեն մեր գումարները։ Մենք բոլորս մեծահասակ մարդիկ ենք ու մեզ ոչ-ոք էլ աշխատանքի չի ընդունում։ Անցած տարի օգոստոսից պարապ ենք ու ապրելու հնար չկա»,- ասել է Սամվել Դիլոյանը։
Աշխատակիցների պահանջները լսելու համար մոտեցել է նախագահի աշխատակազմի աշխատակիցներից մեկը, ով ներկայացել է որպես Մինասյանը՝ չնշելով անունը։ Նա աշխատակիցների հետ զրույցում հավաստիացրել է, որ ինքը կրկին կփորձի կապ հաստատել գործարանի կառավարիչի և Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանի հետ ու կպարզի իրադրությունը։
Մինասյանի խոստումը գործարանի նախկին աշխատակիցներին, սակայն, հույս չի ներշնչել։ Վերջիններս համոզված են, որ սայլը տեղից չի շարժվելու, քանի որ ամեն անգամ իրենց նույն խոստումն են տալիս։
«Մենք դիմում ենք բոլոր ատյաններին, բայց հասել ենք էս օրին ու ամեն անգամ գալիս ենք ստեղ, իսկ մեզ ասում են՝ համար թողեք, կզանգենք, կասենք՝ ինչ վիճակ է»,- նշել է Համլետ Հարությունյանը։
Արզնիի բյուրեղապակու գործարանի հիմքի վրա 2004 թվականին ստեղծված Glass World Company ընկերությունն արտադրում էր ապակյա տարաներ՝ հանքային ջրերի, լիմոնադների և այլ ըմպելիքների համար: 2014 թվականին գործարանի աշխատանքները դադարեցվել են՝ վերանորոգման պատճառաբանությամբ: 2015 թվականի մարտից գործարանը նորից աշխատել է, սակայն մոտ 5 ամիս հետո փակվել։ Այն ժամանակ գործարանի տնօրենն է եղել Բաբկեն Սեդրակյանը․ աշխատակիցների խոսքով՝ ընկերության տերերը Ռուսաստանից են, սակայն նրանց անուններն իրենք չգիտեն։