Սիսիանի զորմասերից մեկում մայիսի 16-ին ալկոհոլի ազդեցության տակ գտնվող վեց զինծառայողների կողմից, համաձայն պաշտոնական վարկածի, 10 րոպե շարունակ ծեծի ենթարկված վաշտի հրամանատար Կարեն Խաչատրյանը գրեթե ոչ մի վնասվածք չի ստացել, կապտել է միայն նրա աչքի տակը, իսկ ծեծի մեջ կասկածվող բոլոր 6 զինվորներին առաջադրվել է մեղադրանք Քրեական օրենսգրքի 358-րդ հոդվածի 3-ի մասի 1-ին կետով (Պետի նկատմամբ բռնի գործողություններ կատարելը կամ դրանք կատարելու սպառնալիքը մի խումբ անձանց կողմից): Զինվորներին սպառնում է նվազագույնը՝ 4, առավելագույնը՝ 8 տարվա ազատազրկում:
Ձերբակալված զինվորներից մեկի՝ «Գորիսի» քրեակատարողական հիմնարկում պահվող 20-ամյա Արսեն Հակոբյանի մայրը` Անահիտ Հակոբյանը, Epress.am-ի հետ զրույցում պնդել է՝ եղել է թեթև միջադեպ սպայի և զինվորների միջև, սակայն «այնպես են անում, որ զինվորները ամեն ինչում մեղավոր դուրս գան, չարժի ջահել երեխաներին դատապարտել մինչև 8 տարի ազատազրկման»։
«Մեր երկրում չեն հարգում զինվորին: Ես հասկացել եմ, որ մեր երկրում ինչ էլ անում են, միշտ զինվորն է մեղավոր, ոչ թե սպաները, հիմա մեր բերդերում շատ զինվորներ կան: Ամեն անգամ մեր ղեկավարությունն էնպես է անում, որ զինվորը մեղավոր լինի, ինչքան կարելի է զինվորներին հալածել, երեխան ախ ու վախով պոստ ա պահում հերիք չի, վախենում է նաև սպայից», – ասել է զինվորի մայրը:
Նրա փոխանցմամբ՝ այդ օրը զինվորներից մեկի ծնունդ է եղել, երեխաները նշել են:
«Հետո սպա Կարեն Խաչատրյանը, եկել է, գիշերվա ժամին շարք է կանգնացրել, ասել՝ ովքեր հարբած են, թող շարքից դուրս գան։ Նա երեխեքից մեկին հայհոյել է… երևի, ում վիրավորել է, չի համբերել, պատասխանել է և քաշքշոց է սկսել, և մյուս երեխեքն էլ սկսել են բաժանել», – ասել է Հակոբյանը։
Նա ընդգծել է, որ, բժշկական փորձաքննության համաձայն, զինվորների հանձնած «արյան փորձանմուշի մեջ էթանոլ /էթիլ սպիրտ/ չի հայտնաբերվել»։
Ըստ Հակոբյանի, մեղադրանքը կազմվել է միայն 4-5 վկա սպաների պատմածների հիման վրա: Նրանց վկայությունների համաձայն, զինվորները սպային սկզբում 10 րոպե են ծեծել, ապա երբ իրենք Խաչատրյանին տեղափոխել են այլ տարածք, եկել են և նրանցից երեքը սպային ևս 10 րոպե հարվածներ են հասցրել։ Հակոբյանի խոսքով՝ Խաչատրյանը կոնկրետ չի հիշել, թե ով է իր վրա հարձակվել, սակայն վկաների ցուցմունքների հիման վրա են այդ վեց զինվորների ձերբակալել. «Կարծես, վկաների խոսքը ավելի մեծ կշիռ ունի»։
«Եթե 6֊ով մի հոգու գցեն գետնին և զինվորական սապոգներով ծեծեն, իրենց խոսքով 10 րոպե, առնվազն ի՞նչ կլինի էդ մարդու հետ, մեռած կլինի։ Սակայն իրենք էլ, փորձաքննության մեջ նշում են, որ միայն աչքի տակն է կապտել։ Եթե սպային երկու անգամ 10-10 րոպեով ծեծեին, ապա նա կունենա՞ր ընդամենը մեկ կապտուկ աչքի տակ։ Ինքը պետք է առնվազն կաթիլայինի տակ պառկած լիներ։ Բացի դրանից, եթե 10 րոպե նրանք կռիվ են արել… սպաները, որոնք հետո վկայություններ են տվել, կանգնած նայե՞լ են, չէ՞ին կարող զինվորներին նկատողություն անել, ամեն մեկի թևը ոլորել, ասել՝ ի՞նչ եք անում»,- ասել է Հակոբյանը: Նրա խոսքով՝ ծեծի ժամանակ կոտրվել է զինվորներից մեկի քիթը, սակայն նախաքննական մարմինը սպայի հարվածը որակել է որպես ինքնապաշտպանություն։
Հակոբյանը նշել է, որ իրեն հասած տեղեկություններով՝ Կարեն Խաչատրյանի վրա դրանից առաջ «գործ կար բացած»։
«Նա պայմանական ազատազրկման է դատապարտված՝ 1 տարի փորձաշրջանով: Ինչքանով լսել եմ՝ նա հրաժարվել է իր վրա դրված զինվորական ծառայության ինչ-որ պարտականությունները կատարելուց և, կարծեմ, ինքնակամ լքել է դիտակետը։ Եթե հոդված կա նրա վրա, ինչի՞ եք թողնում, որ նա աշխատի, նա երեխաների հետ գործ ունի…
էս ա մեր բանակը։ Ամեն պոստ բարձրանալիս մենք փող ենք տվել, դվիժոկի համար էլ են մենք փող հավաքել, ծնողի հաշվին մեր պետությունը զինվոր է պահում։ Սե՞նց է հատուցում մեր պետությունը», ֊ ասել է մայրը։