Արդարադատության նախարարության Քրեակատարողական վարչությունը «Սասնա ծռեր» խմբի անդամ, այս տարվա հուլիսի 31-ին վիրավորված Սեդրակ Նազարյանին «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկից այլ քրեակատարողական հիմնարկ տեղափոխելու մասին որոշում է կայացրել։ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում տեղեկությունը հրապարակել է Նազարյանի փաստաբան Երվանդ Վարոսյանը: Նա և Նազարյանի մյուս պաշտպան՝ Լուսինե Սահակյանը, նշում են, որ նման որոշման համար հիմք է հանդիսացել քրեակատարողական ծառայության բժիշկների եզրակացությունը։
«Սեդրակ Նազարյանի հետ հանդիպումների ընթացքում համոզվել ենք, որ նրա ապաքինվելու, դատապարտյալների հիվանդանոց քրեակատարողական հիմնարկից դուրս գրվելու համար հիմքերի առկայության մասին եզրակացությունն առնվազն անհիմն է։ Ակնհայտ է, որ նման ծանր հրազենային վնասվածք ստացած, վիրահատված, մինչ օրս բազմաթիվ գանգատներ ունեցող անձը պետք է պահվեր քաղաքացիական բժշկական հաստատությունում, բայց փոխարենը սովորական քրեակատարողական հիմնարկ տեղափոխելու մասին որոշում է կայացվել։ Ուստի այս պահին այլ քրեակատարողական հիմնարկ նրա տեղափոխումը ոչ այլ ինչ է, քան անմարդկային վերաբերմունք»,-նշված է փաստաբանների հայտարարության մեջ։
Նազարյանը վիրավորում էր ստացել կրծքավանդակի շրջանում։