Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի և շրջակա մի քանի գյուղերի բնակիչներն այսօր առավոտից մի քանի ժամով փակել էին Վարդենիսից Քարվաճառ տանող ճանապարհը: Նրանք բողոքում են կարտոֆիլի մթերման գների անկման պատճառով։
Բողոքողներին հանդիպել է ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը և խոստացել է խորհրդարանում բարձրացնել մարդկանց պահանջը։ Armtimes.com կայքի հրապարակած տեսանյութում Փաշինյանը նշում է, որ վարդենիսցիները պնդում են՝ կարտոֆիլի գինը սովորաբար ձևավորվում է Պաշտպանության նախարարության կողմից արվող գնումների գնի տիրույթում։
«Այսինքն՝ բազային գին է ընդունվում դա։ Այս տարի ՊՆ-ն, իրենց պնդմամբ, աննախադեպ կամ ոչ ձեռնտու ցածր գնով է իրականացնում գնումները, մասնավորապես, 35-40 դրամով, ինչի արդյունքում կարտոֆիլի շուկայում գների անկում է տեղի ունենում։ Վարդենիսցիները պնդում են, որ ՊՆ-ն նվազագույնը պետք է սահմանի 55-60 դրամ գնման գին, որ շուկան կարգավորվի և մարդիկ կարողանան իրեց նվազագույն շահույթ ունենան», – նշում է Փաշինյանը։
Պատգամավորի հաղորդմամբ՝ ինքը հեռախոսազրույց է ունեցել գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանի հետ, վերջինս խոստացել է մյուս շաբաթվա ընթացքում այցելել Գեղարքունիքի մարզ և հանդիպել բողոքող բնակիչներին։ Առաքելյանը խոստացել է հարցը քննարկել նաև Պաշտպանության նախարարության հետ։
Լուսանկարը՝ Armtimes.com