Տավուշի մարզում գտնվող ՀՀ ՊՆ զորամասերից մեկում այս տարվա ապրիլի 25-ին գլխի շրջանում հրազենային վիրավորումից մահացած Հովհաննես Պետրոսյանի գործով կարևոր վկան՝ Վաչագան Հայրապետյանը, մահացել է ավտովթարի հետևանքով։ Դա տեղի է ունեցել մահացած զինծառայողի հոր՝ Վաչագան Պետրոսյանի հետ առերեսումից օրեր անց, տեղեկացնում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը, որը պաշտպանում է տուժողի իրավահաջորդի շահերը։
28-ամյա Վաչագան Հայրապետյանը Հովհաննես Պետրոսյանի անմիջական հրամանատարն էր. 2016 թվականի հոկտեմբերի 10-ին նրա վարած «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենան Երևան֊Իջևան ավտոճանապարհին բախվել է Իջևան քաղաքի բնակիչ Արտակ Աթաբեկյանի «Մերսեդես» մակնիշի մեքենայի հետ։ Դեպքի մասին հաղորդել է shamshyan.com֊ը։
ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը և կազմակերպության փաստաբան Անի Չատինյանը տարածած հաղորդագրության մեջ ընդգծում են, որ «առերեսման ժամանակ վաշտի հրամանատար Վաչագան Հայրապետյանը գործի համար կարևոր նշանակություն ունեցող ցուցմունքներ է տվել», և այժմ իրենց մոտ լուրջ մտահոգություն է առաջացել Հայրապետյանի մահվան փաստի առթիվ։
«Իրավապահ մարմիններից ակնկալում ենք բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն` Վաչագան Հայրապետյանի մասնակցությամբ տեղի ունեցած ավտովթարի հանգամանքները պարզելու և Հովհաննես Պետրոսյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործի հետ դրա ունեցած հնարավոր առնչությունը բացահայտելու ուղղությամբ», ֊ ասված է իրավապաշտպան կազմակերպության տարածած հաղորդագրության մեջ:
Համաձայն պաշտոնական վարկածի, շարքային Հովհաննես Պետրոսյանին հայտնաբերել են ապրիլի 25-ին, ժամը 20:15-ի սահմաններում զորամասի կրակային դիրքում գլխի շրջանում ստացած մահացու հրազենային վիրավորումով։ Ինչպես այն ժամանակ նշել էր ՀՀ քննչական կոմիտեն, զինծառայողին գտել էին իրեն ամրակցված «ԳԱԶ 66» մակնիշի մեքենայի թափքում: