Պետական մարմինները հաշվարկներ են կատարում ստուգելու՝ արդյոք վարդենիսցիներից կարտոֆիլ գնող Պաշտպանության նախարարության մատակարարները գերշահույթ են ստանում։ Այս մասին գրում է «Հայկական Ժամանակ» օրաթերթը։
Վարդենիսցիները նախորդ շաբաթ փակել էին Քարվաճառ տանող ճանապարհը՝ պահանջելով վերանայել կարտոֆիլի մթերման գինը։ Կարտոֆիլի հիմնական սպառողը Պաշտպանության նախարարությունն է․ կարտոֆիլագործները պնդում են, որ ՊՆ֊ի մատակարարները մեկ կիլոգրամի դիմաց իրենց վճարում են 40-45 դրամ, մինչդեռ նախարարությանը վաճառում՝ 80-104 դրամով։ Խնդիրն Ազգային ժողովում բարձրացրել էր ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը։
Թերթի փոխանցմամբ՝ օրերս վարդենիսցիների հետ հանդիպել է գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը և կարտոֆիլագործներին խնդրել է 2-3 օր սպասել՝ մինչև համապատասխան մարմինները հաշվարկները ավարտեն, և ամեն բան պարզ կդառնա։
«Մեզ ասաց, որ մատակարարները ներկայացրել են, որ իրենց ծախսերը շատ են, դրա պատճառով են այդքան էժան վերցնում։ Ասել են՝ իբր տանում են, պահեստավորում, տեսակավորում, լցնում պարկերը, հետո տանում զորամասեր։ Մենք նախարարին տեղեկացրինք, որ չկա նման բան․ պահեստներից միանգամից բարձում ենք իրենց մեքենաները, տանում են զորամաս։ Նախարարը դա գրեց իր մոտ ու մեզ ասաց՝ 2-3 օր սպասեք, համապատասխան մարմինները հաշվարկներ են կատարում, կա խիստ հանձնարարական, որ հարցը կարգավորվի։ Ասաց՝ ես էլ եմ տեսնում, որ 40 դրամով կարտոֆիլ վաճառելն աբսուրդ է», – թերթին պատմել է կարտոֆիլագործներից Ռաֆայել Մելիքյանը։
Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում