Ձկնկուլ մականունով Արմեն Իսրայելյանի սպանության դեպքը կարող է խորը և շատ վտանգավոր հետք թողնել ՀՀ քաղաքացիների գիտակցության և ենթագիտակցության վրա։ Այս մասին «Հայկական ժամանակ» օրաթերթում «Որն է սպանության մեսիջը հասարակությանը» հոդվածում գրում է լրագրող Աննա Հակոբյանը։
Ամիսներ առաջ «ՀԺ»-ն հրապարակել էր մի հոդված, որտեղ Սամվել Ալեքսանյանի ընկերության նախկին աշխատակիցներից մեկը՝ Արմեն Իսրայելյանը, պատմել էր, որ կոնֆլիկտի մեջ է մտել Ալեքսանյանի հետ։
«Իսրայելյանը ինչ-ինչ պատճառներով 60 հազար դոլարի «շտրաֆի» տակ է ընկել, ու քանի որ այդքան գումար չի ունեցել, Ալեքսանյանը տարբեր մեթոդներով նրան ստիպել է, իր բիզնեսները՝ հացի փուռ, վարսավիրանոց, ավտոմոյկա, հանձնել իրեն։ Իսրայելյանը չի համակերպվել այս իրավիճակի հետ, համարելով, ոչ ոք իրավունք չունի իրենից խլել իր սեփականությունը։ Ամիսներ տևած կոնֆլիկտի ընթացքում նա առևանգվել և ապօրինի պահվել է Ալեքսանյանին պատկանող տարածքում, իրավապահների կողմից բերման է ենթարկվել։ Նրա մայրը ցանկացել է գնալ նախագահականի նստավայր և որդու նկատմամաբ տեղի ունեցած ապօրինության մասին հասցնել առաջին դեմքին, ինչը չի արել միայն որդու խնդրանքով։ Ի վերջո որևէ այլ ելք չտեսնելով, այս ընտանիքը դիմել է լրատվամիջոցների օգնությանը։ Հունիսի 17-ին այս ամբողջը ներկայացնելով, Իսրայելյանը իր և Սամվել Ալեքսանյանի հեռախոսազրույցից այնպիսի դրվագներ է պատմում, որտեղ Ալեքսանյանն անուղղակիորեն սպառնում է նրան՝ «Արի Հայաստան, արի էդ հարցը լուծի, որ գնացիր, ի՞նչ, պրծա՞ր», «Որ գնացիր, գիտես, դու պրծա՞ր, փրկվա՞ր»։ Իսրայելյանը ասում է, որ այն ամենը, ինչ իրենից խլել է Ալեքսանյանը, ինքը ետ է վերցնելու։ «Ես սրանով չեմ սահմանափակվելու, կանեմ ավելին, կդիմեմ ավելի վերևներ։ Ու ինքը թող չմոռանա, որ իր մոտ աշխատել եմ 2002 թվականից մինչև 2015 թիվը, առավոտից իրիկուն իրա հետ եմ եղել և ամեն ինչ գիտեմ», ասում է Իսրայելյանը։ Նա խոսում է ընտանիքի անդամներին տված «չիպի» մասին, որտեղ, ենթադրվում է, իր ունեցած ինֆորմացիան է շարադրված եղել։ «Իմ հետ մի բան կատարվեց, Ալեքսանյանն ա», – ասում է Իսրայելյանը։
Երեկ հայտնի դարձավ, որ Արմեն Իսրայելյանը Ռուսաստանում սպանվել է։ Դա տեղի է ունեցել Սամվել Ալեքսանյանի դեմ հրապարակային ցուցմունք տալուց ուղիղ 4 ամիս անց․ Իսրայելյանը խոսել է հունիսի 17-ին, և ըստ չճշտված տեղեկությունների, սպանվել հոկտեմբերի 17-ին։ Հնարավոր մարդասպանը հետախուզվում է, և տարօրինակ զուգադիպությամբ նրա անունը Սամվել է։ Բոլոր զուգադիպությունների և հարցերի պատասխանը, իհարկե, պետք է տան իրավապահները։
Հավանականությունը, որ քննությունը կհայտնաբերի «չիպը» և դրանում առկա տեղեկատվությանն ընթացք տրվի, զրոյական է։ Շատ ավելի հավանական է, որ չիպը Իսրայելյանը վաղուց անձամբ հանձնած լինի Ալեքսանյանին, քանի որ հունիսի 17-ի հրապարակումից հետո այն աստիճան ահաբեկված էր, որ տարբեր լրատվամիջոցներով հայտարարում էր, թե ինչ ասել է, չի համապատսխանում իրականությանը, սթափ չի եղել և այլն։ Այսինքն, այսօր արդեն կարելի է արձագանքել, որ անկախ գործի քննությունից, հանրության գիտակցության մեջ տեղի ունեցածը ամրապնդվելու է հետևյալ կերպ․ ինչ-որ մեկը փորձեց դեմ գնալ Մալաթիա-Սեբաստիայի տեր և տիրակալ Սամվել Ալեքսանյանին և մահկանացուն կնքեց վարձու մարդասպանի արձակաց կրակոցից։ Սա, կարծում ենք, ազգային անվտանգության հարց է, քանի որ հանգեցնելու է ՀՀ քաղաքացիների գիտակցության զանգվածային ստրկացման։ Իսկ նրանք, ովքեր չեն ցանկանալու ապրել մի երկրում, որտեղ Սամվել Ալեքսանյանի դեմ երկու խոսք ասելուց հետո գլխիդ կրակում են, ընտանիքներով լքում են Հայաստանը», – գրում է Աննա Հակոբյանը։