«Հյուսիս֊Հարավ» ավտոճանապարհի շինարարության արդյունավետությունը գնահատում է ոչ միայն ՀՀ Կառավարությունը, ինչպես հայտարարել է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը, այլև ավտոճանապարհը ֆինանսավորող Ասիական զարգացման բանկը։ Այդ կառույցն իր գնահատականն է տալու՝ որոշելով, թե արդյոք կֆինանսավորի նաև ճանապարհի հարավային հատվածի շինարարությունը, թե միայն հանձ կառնի «Հյուսիսը»։ Այս մասին հասարակական կազմակերպությունների հետ հանդիպման ժամանակ ասել է Ասիական զարգացման բանկի հայաստանյան ներկայացչության ղեկավար Շեյն Ռոզենտալը։
Վերջինիս հետ հանդիպել են բանկի գործունեության նկատմամբ վերահսկողություն իրականացնող ՀԿ-ների միջազգային ֆորումի հայաստանյան ներկայացուցիչ Սիլվա Ադամյանը և «Հասարակական պաշտպանների միություն» ՀԿ֊ի նախագահ Արամ Գրիգորյանը։
«Շեյն Ռոզենտալն ասաց․ «Մենք կարծում ենք, որ հարավային մասով Կառավարությունը ուղղակի ի վիճակի չէ այս ծրագիրը շարունակելու։ Պետք է մոտ 3 միլիարդ դոլարի ծախս, ձեր կառավարության համար դա բարդ է»։ Մինչդեռ երեկոյան ես «Արմենիայով» տեսա շատ հետաքրքիր մի հեռարձակում, որտեղ տրանսպորտի նախարարության ներկայացուցիչները խոսում էին նրա մասին, որ միանշանակ ճանապարհը կառուցվելու է, և կա եվրոպական մի կառույց, որ կոչվում է «Միջազգային բեռնափոխադրումների ճանապարհներ», որն առաջարկել է «Հյուսիս֊Հարավը» մտցնել իրենց ծրագրի մեջ»,֊ Epress.am֊ի հետ զրույցում ասել է Սիլվա Ադամյանը։
Գրիգորյանն ու Ադամյանը հիշեցրել են, որ, բացի Ասիական զարգացման բանկից, մեկ այլ կազմակերպություն էլ է մասնակցել ծրագրի ֆինանսավորմանը։ Դա Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկն է։ Այժմ հնարավոր է երրորդ ներդրողի ներգրավումը։ Պատճառը, ըստ նրանց, այն է, որ ՀՀ Կառավարությունը ստացած միջոցները մսխել է, և աշխատանքները պատշաճ չկատարելու համար Ասիական զարգացման բանկին վճարել 300.000 դոլար որպես տույժ։
«Բանկերը ֆինանսական կազմակերպություններ են։ Բանկը ֆինանսներ է տալիս, ամեն ինչ անում է, որ այդ ֆինանսերը ստանա՝ տոկոսով։ Եվ դա էլ անում է։ Ինքը հետևյալի նպատակահարմարությունն է նայում․ արժե՞ նոր փող տալ, դա հե՞տ ա գալու, թե՞ չէ։ Դա ինքը կվերլուծի, կհասկանա, կտա փող կամ չի տա։ Գլխավոր խնդիրը մեր դաշտում է։ ՀՀ կառավարությունն ուրիշ արդունավետությանը պետք է նայի․ ես վերցնում եմ ֆինանսներ բանկից, հետ եմ տալու՝ որոշակի տոկոսներով։ Արդյո՞ք ես կկարողանամ փակել այդ ծախսերը, կառուցել ճանապարհը, եկամուտներ ստանալ։ Տարբեր սուբյեկտների համար արդյունավետությունը տարբեր է»,֊ ասել է Արամ Գրիգորյանը։
Սիլվա Ադամյանը հիշեցնում է․ նախնական ծրագրով՝ «Հյուսիս֊Հարավի» շինարարությունը պետք է սկսվեր 2009 թվականին, ներդրվեր 954 միլիոն դոլար, որից 550 միլիոնը՝ Ասիական զարգացման բանկի կողմից, և ճանապարհը պետք է պատրաստ լիներ 2014 թվականին։ Նրա խոսքով՝ այժմ նախարարության աշխատակիցներն ասում են, որ ճանապարհը պատրաստ կլինի 2030 թվականին։
Գրիգորյանը, իր հերթին, ընդգծում է, որ հյուսիսային հատվածի երեք հատվածների վրա արդեն ծախսվել է 150 միլիոն դոլար, իսկ ճանապարհը հեռու է ճանապարհ կոչվելուց։
«Շեյն Ռոզենտալը, կարծես, եկել էր այն պատկերացման, որ իրենց ռեսուրսներով կարելի է անել միայն հյուսիսային մասը, հետագայում այն շարունակել դեպի Բաթումի։ Բայց սա ռազմավարական խնդիր է։ Եթե այս ռազմավարական ծրագիրը կայացվելու է կիսատ, արդյունավետ չի լինի։ Եթե մենք Իրանից չենք կարող ապրանք բերել և հետագայում արտահանել, մեր երկիրը չի ունենա շահ»,֊ ասել է Արամ Գրիգորյանը։