2015 թ. դեկտեմբերի 6-ի սահմանադրական հանրաքվեի ընթացքում մոնիտորինգ անցկացնող Հակոբ Նազարի-Դեխնավիի դեմ քրեական գործ է հարուցվել՝ հանձնաժողովի աշխատանքը խոչընդոտելու հոդվածով։ Դիտորդին սպառնում է մինչև 2 տարվա ազատազրկում։ Հակոբ Նազարի-Դեխնավին պնդում է, որ ինքը չի խոչընդոտել հանձնաժողովի աշխատանքը, այլ հակառակը՝ ինքն է բռնության ենթարկվել 4/01 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահի կողմից քվեարկությունը դիտարկելու աշխատանքի ընթացքում։
Նազարի-Դեխնավիի պաշտպանությամբ զբաղվող «Իրավունքի Եվրոպա միավորում» կազմակերպության փաստաբան Դավիթ Գյուրջյանը Epress.am-ին պատմել է, որ հանցագործության մասին Դեխնավիի հաղորդումը ՀՔԾ֊ում քննվելուց հետո անհիմն է համարվել և գործն այս մասով կարճվել է, մինչդեռ ընտրական հանձնաժողովի նախագահ Արմեն Ազոյանի հաղորդման մասով ՀՔԾ֊ն մեղադրանք է կազմվել դիտորդի դեմ և ուղարկվել դատարան։ Տեղի ունեցած վեճը տեսագրել է դիտորդ Ռոմիկ Դանիալը, սակայն այդ միակ տեսանյութը ոնչացվել է, քանի որ Դանիալի տեսախցիկը խլել է հանձնաժողովի ՀՀԿ֊ական անդամը, ջնջել է ձայնագրված տեսանյութը և առգրավել հիշողության քարտը։ Լրագրողի աշխատանքը խոչընդոտելու այս փաստը քննվում է այլ քրեական գործով։
Նոյեմբերի 1-ին Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունցած նիստի ժամանակ հարցաքննված երկու վկաներն էլ հանձնաժողովի անդամներ են եղել և տվել են չեզոք ցուցմունքներ, թե իրենք տեղի ունեցած ընդհարման ժանանակ ընտրատեղմասում չեն եղել, ոչինչ չեն տեսել։
«Նույնիսկ եթե Հակոբ Նազարի-Դեխնավին հարվածել է հանձնաժողովի նախագահին, դա չի նշանակում, որ ընտրական հանձնաժողովի աշխատանքը խոչընդոտվել է։ Դրանից կարող էր խոչընդոտվել և կարող էր՝ ոչ», – ասել է Գյուրջյանը՝ նկատելով, որ սխալ մեղադրանք է առաջադրվել։
Հանձնաժողովի նախագահի հետ վեճը սկսել է, երբ դիտորդի մոտ կասկած է առաջացել այն, որ մի խումբ մարդիկ քվեարկության են եկել կեղծ տեղեկանքներով։ Այս հարցը նա փորձել է ճշտել, սակայն հանձնաժողովի նախագահը ապտակել է իրեն։