Մարզային հեռուստաընկերությունները բաց նամակով դիմել են ՀՀ նախագահին, ԱԺ նախագահին և ՀՀ վարչապետին՝ ահազանգելով, որ թվային հեռարձակման անցնելու ու անալոգայինն անջատելու հետևանքով իրենք հայտնվել են փակման եզրին և խնդրում են միջոցներ ձեռնարկել դա կանխփելու համար։
Բաց նամակը ստորագրել են մարզային «Լոռի TV», «Լոռի ՄԻԳ», «Հրազդան», «ԱԼՏ» և «Անկյուն+3» հեռուստաընկերությունների ղեկավարները։
Լրագրողները նշում են, որ 2010 թվականից բողքում են Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքում հեռարձակման թվայնացման հետ կապված «չափազանց անհաջող փոփոխություններից»։
«Թեև «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքում 2015թ. դեկտեմբերի 18-ին ընդունված փոփոխությունների և լրացումների համաձայն՝ երկարաձգվեց մեր անալոգային լիցենզիաների ժամկետը և թույլ տրվեց շարունակել գործունեությունը այդ ռեժիմով՝ մինչև մասնավոր մուլտիպլեքսորը (հանձնաժողովի կողմից լիցենզավորված իրավաբանական անձ, որն ապահովում է մուլտիպլեքսի (հեռուստաալիքների միավորումը մեկ թվային փաթեթի մեւ) տարածման կամ հեռարձակման ենթակառուցվածքի տեխնիկական շահագործում-խմբ․) մուտք գործի շուկա, այդուհանդերձ, անալոգային հեռարձակման անջատումն արդեն այսօր իմաստազուրկ դարձրեց մեր աշխատանքը, քանի որ հաղորդումներն արդեն հասանելի չեն հեռուստալսարանին։ Հասկանալի է, որ այս իրավիճակը մեզ զրկեց նաև գովազդատուներից։ Եվ քանի որ մասնավոր մուլտիպլեքսորի լիցենզավորման այս տարի անցկացված մրցույթը հայտարարվեց չկայացած՝ հայտերի բացակայության պատճառով, մեր հեռուստաընկերություններն ավելի շուտ կարող են փակվել, քան իրականություն կդառնա մասնավոր մուլտիպլեքսորի գոյությունը»,֊ ասված է լրագրողների նամակում։
Լրագրողները նշում են, որ ԱԺ ներկայացվել են օրենսդրական փոփոխություններ անելու մի քանի առաջարկներ, որոնք եթե ընդունվեն, «փրկություն կլինեն»։ Առաջարկներ մշակել են Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն, Երևանի մամուլի ակումբը և Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը։
Դրանցից մեկի առանցքում թվային դարաշրջանում հեռուստաընկերությունների լիցենզավորման պարզ ընթացակարգին անցնելու գաղափարն է։ Մյուսինը՝ օրենքում նախատեսված մեկ խոշոր, ամբողջ Հայաստանի տարածքը ընդգրկող, մասնավոր մուլտիպլեքսորի փոխարեն մի շարք փոքր և միջին այդպիսի հեռարձակող ընկերությունների ստեղծումն է, որոնց ծածկույթը կարող է լինել մեկ կամ մի քանի համայնք, մեկ կամ մի քանի մարզ և այլն։
Եթե այս փոփոխություներն ընդունվեն, ապա մարզային հեռուստատեսությունները կկարողանան թվային գործելու լիցենզիա ստանալ, ինչպես նաև իրենց ուժերով փոքր կամ միջին մուլտիպլեքսներ ստեղծել և դրանց միջոցով հասանելի մնալ տեղի հեռուստալսարանի համար։