Արմավիրի մարզի Լենուղի գյուղի 21 ընտանիք մոտ տասը տարի ապրում է նախկին հանրակացարանի 4-րդ կարգի վթարային շենքերում։ Համայնքի բնակիչների պնդմամբ՝ 4 տարի առաջ, Կառավարության որոշման համաձայն, իրենց համար բնակարաններ գնելու նպատակով գումար է հատկացվել, սակայն մինչ օրս դրանք չեն տրվել։
Այսօր Կառավարության շենքի մոտ հավաքված մի քանի տասնյակ լենուղինցիները եկել էին երեխաների հետ, որ «ցույց տանք, թե ինչ անտանելի վիճակում են երեխաները, սաղ օրը հիվանդ են, մրսում են»։
«4 տարի է մեզ խաբում են։ Ասում են էսօր, էգուց…։ 2 շենք կա լրիվ վթարային վիճակում է, հատկապես անձրևի օրերին՝ այնտեղ անհնար է ապրել։ Դրսում ավելի քիչ է կաթում, քան ներսում», – ասել է շենքի բնակիչներից 27֊ամյա Մկրտիչ Սահարյանը։ Նրա խոսքով՝ իրենց մոտ վթարային շենքերից մեկի բնակիչներին Կառավարության ծրագրով նախատեսված գումարն արդեն հատկացրել են։
Սահալյանի նշել է նաև, որ իրենք այդ հարցով բազմիցս դիմել են Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանին, ինչպես նաև Կառավարությանը, սակայն ոչ մի հստակ պատասխան չեն ստացել։
«4 օր առաջ եղել եմ մարզպետի մոտ, ասել է՝ կլինի։ Ասել է՝ հունվարին կլինի, հրատապ ծրագրով հատկացրել ենք։ Բայց արդեն քանի տարի է անցել, նույնն են ասում», – ասել է Սահարյանը։
Նրա խոսքով՝ Կառավարության ընդունարանում իրենց պատասխանել են, որ այդ հարցով պետք է դիմեն Արմավիրի մարզպետին։