Վրաստանի պաշտպանության նախարարությունը կվերականգնի պարտադիր զինվորական ծառայությունը, հայտարարել է պաշտպանության նախարար Լևան Իզորիան՝ ներկայացնելով իր պաշտոնավարման առաջին 100 օրվա ընթացքում նախարարության գործունեության վերաբերյալ զեկույցը։ Դեռևս մեկ շաբաթ առաջ ռազմական գերատեսչությունը հայտարարել էր քաղաքացիների՝ պայմանագրային զինծառայության ընդունելության մասին՝ ցանկացողներին խոստանալով բարձր աշխատավարձ ու սոցիալական ապահովագրության լայն փաթեթ։
Երկուշաբթի, սակայն, Իզորիան ընդգծել է, որ առանց զինակոչիկների Վրաստանի բանակն անձնակազմի հետ կապված խնդիրներ ունի․ բացի դա, ըստ նախարարի, ժամկետային զինծառայողները պետության վրա շատ ավելի էժան են նստում, քան՝ պայմանագրային բանակը։ Պաշտոնական հաշվարկների համաձայն, եթե պայմանագրային ծառայողի համար պետությունը տարեկան ծախսում է 25֊ից 26 հազար լարի (ավելի քան 10 հազար դոլար), ապա ժամկետայինի համար՝ 3 անգամ ավելի քիչ՝ շուրջ 9 հազար լարի։
Պարտադիր զինվորական ծառայությունը վերացնելու որոշումն ընթացիկ տարվա հունիսի 27֊ին ընդունել էր պաշտպանության նախկին նախարար Թինա Խիդաշելին, ով արդեն իսկ քննադատել է պայմանագրային սկզբունքի անցնելուց հրաժարվելու որոշումն ու հայտարարել, որ այդ որոշման մասին տեղյակ էր դեռևս խորհրդարանական ընտրություններից առաջ․ «Նրանք խաբում են ընտրողներին։ Լևան Իզորիան առաջին իսկ օրվանից գիտեր, որ չեղյալ էր հայտարարելու իմ հրամանը։ Նրանք, սակայն, որոշեցին սպասել մինչև ընտրությունների ավարտը, քանի որ զինակոչի վերացման գաղափարը մեծ ժողովրդականություն էր վայելում։ Ֆիլմն ավարտված է, ու եկել է իրականության ժամը։ Պայմանագրային զինծառայողներին պետք է գումար վճարել, իսկ ժամկետայիններին կարելի է օգտագործել որպես անվճար աշխատուժ»։
Վրաստանի միջազգային հարաբերությունների և ռազմավարական հետազոտությունների հիմնադրամի փորձագետ Նոդար Խարշալիձեն, իր հերթին, կարծիք է հայտնել, որ երկրում գործող համակարգը նախատեսված է քաղաքացիներին նվաստացնելու համար․ «ՆԱՏՕ֊ում առկա են [զինծառայության] բոլոր մոդելները՝ թե՛ ամբողջովին մասնագիտական, թե՛ ամբողջովին հիմնված զինակոչի վրա, թե՛ խառը։ Միևնույն ժամանակ, սակայն, գոյություն ունի միասնական ստանդարտ․ ցանկացած համակարգ պետք է լինի տրամաբանական ու հաշվարկված։ Վրաստանում գործող համակարգը պետք է հիմնված լինի ռեսուրսների, վտանգների ու կարիքների վրա ու պետք է լինի կոնկրետ ռազմավարական ծրագրի մաս։ Ներկայումս զինակոչի մեր համակարգը նվաստացուցիչ է սեփական քաղաքացիների հանդեպ ու նպատակ ունի նրանց գրեթե անվճար հիմունքներով հարկադրաբար աշխատեցնել պահպանության ծառայությունում»։
Նորանշանակ պաշտպանության նախարարի որոշման համաձայն, ժամկետային զինծառայողները կանցնեն մարտական պատրաստության նույն 10֊շաբաթյա կուրսը, ինչ՝ պայմանագրային ծառայության համար դիմած կամավորները։ Դադարից հետո առաջին զինակոչը վրաստանյան բանակը նախատեսում է հայտարարել հաջորդ տարվա գարնանը։