Home / Հայաստան / Անապահովների բուժման համար ներկա ու նախկին նախարարների հիվանդանոցներին գումար կհատկացվի․ «ՀԺ»

Անապահովների բուժման համար ներկա ու նախկին նախարարների հիվանդանոցներին գումար կհատկացվի․ «ՀԺ»

Առողջապահության նախարարությունը վերջերս 134 միլիոն դրամի չափով լրացուցիչ համաձայնագրեր է կնքել 25 բժշկական կազմակերպությունների հետ՝ պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում բնակչության սոցիալապես անապահով և հատուկ խմբերում ընդգրկված քաղաքացիների դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունների իրականացման համար։ Այս մասին գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը։

Թերթի հրապարակած տվյալներից պարզ է դառնում, որ գումարի հիմնական մասը ստացած բժշկական կազմակերպությունները պատկանում են պաշտոնատար անձանց։

«Համաձայն կնքված պայմանագրերի հավելվածների՝ այդ 134 միլիոն դրամը բաշխվելու է հետևյալ կերպ. ամենամեծ մասը` 24 միլիոնը, բաժին է հասնելու «Վարդանանց» բժշկական կենտրոնին, որը պատկանում է «ԱՐԻՆՏԵՐԼԵՎ» ՍՊԸ-ին, իսկ այս ընկերությունը հիմնադրել է ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը։

Մի փոքր ավելի պակաս` 23 միլիոն դրամ էլ հատկացվել է «Նաիրի» բժշկական կենտրոնին, որն էլ իր հերթին պատկանում է «Արմամաքս» ՍՊԸ-ին: Այս ընկերությունը կապվում է առողջապահության նախկին նախարար Հարություն Քուշկյանի անվան հետ:

«Խոշոր հատկացումների երրորդ պատվավոր տեղը զբաղեցնում է առողջապահության կրկին նախկին նախարար Արմեն Մուրադյանի և Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի անվան հետ կապ ունեցող «Իզմիրլյան» բժշկական կենտրոնը։ «Իզմիրլյանը» ստացել է 10 միլիոն դրամ», – գրում է թերթը՝ հղում կատարելով կառավարության ինտերակտիվ բյուջեին, որտեղ տեղադրված են բոլոր պայմանագրերը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում