Home / Բանակ / Տուն չեն տալիս, բայց բանակ տանում են․ վթարային շենքերի բնակիչները կրկին պետք է սպասեն

Տուն չեն տալիս, բայց բանակ տանում են․ վթարային շենքերի բնակիչները կրկին պետք է սպասեն

Արմավիրի մարզի Լենուղի գյուղի 22 ընտանիք տարիներ շարունակ ապրում է բնակության համար ոչ պիտանի երկու կիսախարխուլ շենքերում։ 1988 թվականին շենքերը ճանաչվել են 4-րդ կարգի վթարային, իսկ իշխանությունները պարբերաբար բնակիչներին խոստացել են նոր բնակարաններ տրամադրել։ Այս տարի մարզը հրատապ ծրագրով բնակիչներին պետք է գումար հատկացներ, սակայն մարզպետարանն այն ծախսել է այլ նպատակով։ Այս ամսվա սկզբին Կառավարությանը դիմած բնակիչներին ուղարկել են մարզպետարան, իսկ այնտեղ էլ կրկին ասել են՝ սպասե՛ք։

Նոյեմբերի 18-ին Լենուղի մեկնած Epress.am֊ի լրագրողներին բնակիչները դիմավորեցին վթարային շենքերի բակում։ Առաջին իսկ հայացքից երևում էր՝ շենքերը բնակեցման համար պիտանի չէին․ տպավորություն կար, որ նրանք կքանդվեն անգամ թույլ քամու դեպքում։ Մարդիկ իրար հերթ չտալով պատմում էին, որ շենքերը փայտերի վրա են կանգնած, կոյուղի չկա, երկրորդ հարկ վախենալով են բարձրանում, բնակարաններում զգուշությամբ են քայլում։

Բնակիչներն այլևս չեն հավատում չինովնիկների խոստումներին․ հավաստիացումներով նամակներ շատ են ստացել, բայց մինչ օրս իրենք ապրում են կիսավեր բնակարաններում։

0lenughi

«Ամեն անգամ գնում ենք մարզպետարան, ասում են՝ էս ամիս կլինի, մյուս ամիս կլինի, 88 թվականից մեզ անընդհատ խաբում են, անցած տարի պիտի տային, ասացին՝ չենք կարող տալ, քանի որ ցրտահարություն է եղել, պետք է նրանց օգնենք, փաստորեն ցրտահարության մարդկանց են օգնել, բայց ինչ են օգնել՝ չգիտեմ», – ասում է Անուշ Թովմասյանը, որը բազմամարդ ընտանիքով ապրում է շենքի առաջին հարկում։

Վերջին նամակը մարզպետարանից ստացել են նոյեմբերի 10-ին։ Դրանում նշված է, որ հարցն ընդգրկված է մարզի 2016 թվականի հրատապ ծրագրերի ցանկում, սակայն խնդրին լուծում կտրվի «ֆինանսավորման առկայության դեպքում»։

Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի օգնական Նվեր Պետրոսյանը Epress.am-ի հետ զրույցում ասել է, որ 2016 թվականի հրատապ ծրագրերի շրջանակում մարզպետարանն արդեն իսկ գումար է հատկացրել մարզի կարկտահարությունից տուժածներին։ Հաջորդ տարվա՝ 2017 թվականի հրատապ ծրագրերի մեջ է ներառվել Լենուղու բնակիչների խնդիրը․ «Կառավարությունը մարզին բյուջե է հատկացնում, մենք որոշում ենք, թե ինչի վրա ենք ծախսելու, իսկ Կառավարությունը այն հաստատում է»։

«Կարկտահարվածներին ոչ մի բանով էլ չեն օգնել», – հերքում է մեր զրուցակիցներից մեկը, վթարային շենքերից մեկի բնակիչ Թամարա Խաչատրյանը։

Նրա խոսքով՝ ինքը նույնպես ունեցել է կարկտահարված այգիներ, սակայն պետությունն իրեն չի օգնել․ «Անցած տարի մարզպետարանից մեզ ասին, որ կարկտահարվածներին փող են տվել, դրա համար էլ մեզ չեն կարող գումար տալ։ Մեկը իմն ա, կարկուտը տվել ա, հա՛մ ջրի հարկն են ուզում, հա՛մ էլ հողի հարկն են ուզում։ Հենց հիմա պարտքը ուզում են․․․ Ոչ մի բան չեն արել…

Հետո գալու են, իմ երեխային բանակ տանեն, ու՞մ համար իմ երեխեն ծառայի, եթե ինձ տուն չեն տալիս, իմ երեխեն ինչի՞ պիտի գնա ծառայի»։

Կառավարության կողմից Արմավիրի մարզին տրամադրված բյուջեի շրջանակներում 2015 թվականի նոյեմբերին Լենուղու վթարային 3 շենքերից մեկի բնակիչներին գումար է տրամադրվել՝ յուրաքանչյուր ընտանիքին մոտ 6 միլիոն 600 հազար դրամ։

«Մարզպետը եկավ, ասաց՝ մենք կբաժանենք փուլերի 3 շենքին գումար տալը։ Սկզբնական շրջանում տվեցին մեջտեղի շենքը, նրանք գնացին, մենք սենց մնացինք», – պատմել է բնակիչներից Գայանե Պողոսյանը։

Մարզպետարանում, բնակիչների խոսքով, իրենց առաջարկել են տեղափոխվել վարձով բնակարաններ մինչև «շտապ կարգով» կտան իրենց հասանելիքը։

«Ասացին՝ կարող եք վարձով վերցնել, հետո մենք տների փողերը կտանք։ Մարդ կար, էնքան համոզված էր, որ [մարզպետարանից] կտան, նոր տան փող ա [պարտքով] վերցրել, հիմա փողն էլ չեն տալիս, ու էդ տանից հրաժարվել ա։ Մարդ կա հիմա ընկել ա տոկոսի տակ», ֊ ասել է Մկրտիչ Սահարյանը։

1935 թվականին կառուցված շենքը չի ունեցել ջրագծեր։ Տարիներ շարունակ բնակիչները ձեռքով ջուր են կրում։ Վթարային լինելու պատճառով շենքում արգելված է նաև բնական գազի խողովակներ անցկացնել։

«Շենքի հարկերը պանելի վրա չեն, գերանների վրա են, դրա համար էլ ո՛չ ջրային, ո՛չ ջեռուցման համակարգ կա», – ասում են բնակիչները։

1lenughi

Անուշ Թովմասյանի ընտանիքը շենքի քիչ թե շատ «լավ վիճակում» գտնվողներից է, քանի որ առաջին հարկում են ապրում, ունեն դրսի զուգարան, որից օգտվում է մոտ 20 մարդ։ Երկրորդ հարկում ապրող ընտանիքներից մեկի համար որպես զուգարան է ծառայում շենքի միջանցքում դրված դույլը։

«Վարագույրը քաշում ես, իբր էդ զուգարանի դուռ ա, հետո էլ տանում ենք հեռու, թափում ենք, խոլերայի բուն ա», – պատմում են բնակիչները։

Անձնական միջոցներով նրանք որոշակիորեն ամրացրել են շենքի հիմքերը, սակայն անձրևաջրերից, այնուամենայնիվ, դժվար է պաշտպանվելը։

«Երեխեն ձեն ա տալիս գիշերը՝ մամա՛, մամա՛, լույսը վառեմ, տեսնեմ վրեն ջուր ա կաթացել վերմակով, բանով թաց ա․․․ Սաղ տարին երեխեքը բռոնխիտով հիվանդ են, բացի դա՝ տան մեջ լիքը կռիսներ են», – ասում է Նարինե Սահարյանը։

Բնակիչները նշում էին, որ «քեֆ-ուրախության ժամանակ էլ, տանը ուտում ենք, իսկ դրսում պարում ենք, որ շենքը չփլվի»։