«Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ֊ում պահվող 4 կալանավորներ՝ Վահե Անդրեասյանը, Արմեն Մկրտչյանը, Արթուր Գասպարյանը և Հարություն Կողբեցյանը դադարեցրել են նոյեմբերի 16-ին սկսած հացադուլը։ Այս մասին Epress.am-ի հետ զրույցում հաղորդել են Արդարադատության նախարարության Քրեակատարողական վարչությունից (ՔՎ), սակայն չեն նշել, թե կոնկրետ որ օրն են կալանավորները դադարեցրել հացադուլը։ Նրանց վիճակի և հացադուլի դադարեցման պատճառների մասին ՔՎ֊ից նույնպես չեն հայտնել։
Հիվանդ կալանավորները պահանջում էին իրենց անհրաժեշտ բժշկական օգնություն տրամադրել։ Նրանք պնդում էին, որ լուրջ առողջական խնդիրներ ունեն, սակայն «Դատապարտյալների հիվանդանոցում» իրենց չեն վիրահատում։
Epress.am-ը նոյեմբերի 17-ին դիմել էր Քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդական խմբին՝ պարզելու, թե ինչ վիճակում են կալանավորները և ինչ օգնություն է նրանց ցուցաբերվում։ Դիտորդական խմբի գրասենյակից մեզ պատասխանել էին, որ տեղյակ են կալանավորների հացադուլի մասին և ծրագրել են հաջորդ օրն այցելել նրանց։
4 օր անց Դիտորդական խմբից Epress-ին հայտնել են, որ խմբի անդամների սակավության պատճառով իրենք դեռ չեն հասցրել այցելել հացադուլ հայտարարած կալանավորներին։
Նշենք, որ մինչ հացադուլը կալանավորները նամակներ են ուղարկել նաև ՀՀ նախագահին, օմբուդսմենին, գլխավոր դատախազին, առողջապահության և արդարադատության նախարարներին, Քրեակատարողական վարչության պետին՝ խնդրելով իրենց «մենակ չթողնել» և ապահովել անհրաժեշտ բժշկական օգնությունը։