Արմավիրի մարզի Լուսագյուղի բնակիչ, ազգությամբ եզդի 22-ամյա Արթուր Բրոյանն առողջական խնդիրների պատճառով բանակից տարկետում է ստացել և պետպատվերի շրջանակում բուժվում է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում: Նրա ծնողները պնդում են, սակայն, որ որդին այնտեղ համապատասխան բժշկական օգնություն չի ստանում։ Այս մասին հայտնում է Politik.am-ը։
Կայքի հետ զրույցում Արթուրի մայրը նշել է, որ արդեն 1 շաբաթ որդին գտնվում է վերոնշված բուժհաստատությունում, սակայն առողջական վիճակի հետ կապված ոչ մի փոփոխություն չկա. «Տղայիս հարցնում եմ՝ բալե՛ս, ի՞նչ են անում, ասում ա՝ մա՛մ ջան, մեկ-մեկ դեղեր են տալիս, որ խմեմ ու տարել են աղիներն ու ստամոքսն են ռենտգեն արել»:
Մոր խոսքով՝ տվյալ բուժհաստատությունում «այլ կարիքներ չեն հոգում, պնդում են, որ մնացած օրգանների, որոնք հնարավոր է, որ առկա խնդրի պատճառը լինեն, ստուգումը իրենք չեն իրականացնում՝ ասելով, որ պետք է այլ տեղերում վճարովի հիմունքերով կատարեն այդ ստուգմները, իսկ իրենք, ոչ մի հնարավորություն չունեն»:
Բրոյանների ընտանիքը՝ Ռուզաննա և Հասանը Բրոյանները և նրանց 3 տղաներն ապրում են սոցիալապես ծանր պայմաններում՝ գյուղի բաղնիքում և աշխատող չունեն։ Ընտանիքի 2 զավակները ծառայում են բանակում։
Տղայի բուժման հետ կապված Politik.am-ը փորձել է կապ հաստատել վարչապետի խորհրդական Գևորգ Մուրադյանի հետ:
«Վերջինս զբաղված լինելու պատճառով չկարողացավ մեր հետ զրուցել և մեր հարցերին պատասխանեց Գևորգ Մուրադյանի օգնականը, ում ներկայացնելով առկա խնդիրը, վերջինս խնդրեց իրեն փոխանցել քաղաքացու կոնտակտային տվյալները և առաջին իսկ հնարավորության դեպքում այս խնդրին ընթացք տալ․․․ Բրոյանի ծնողները ակնկալում են, որ այս խնդիրը գոնե պետպատվերի շրջանակում մաքսիմալ լուծում կստանա և նրանք հավելյալ գումար չեն ծախսի տղայի բուժման վրա»: