Home / Հայաստան / «Աշտարակ կաթի» աշխատակիցները պահանջում են չվճարված աշխատավարձերը

«Աշտարակ կաթի» աշխատակիցները պահանջում են չվճարված աշխատավարձերը

ashtarakkat

Այսօր «Աշտարակ կաթ» գործարանի երևանյան գրասենյակի մոտ ընկերության մոտ երկու տասնյակ աշխատակիցներ բողոքի ցույց են կազմակերպել՝ պահանջելով վճարել աշխատավարձի պարտքը։

«Ազատություն TV»-ի տեսանյութում գործարանի նախկին աշխատակիցները լրագրողին ասում են, որ չեն ստացել 5-6 ամսվա աշխատավարձերը և նրանցից շատերին գործարանը պարտք է մոտ 2 միլիոն դրամի չափ գումար։ Աշխատավարձ չի ստացել մոտ 300 աշխատող։

Նրանց խոսքով՝ մինչ օրս իրենց պարզ չէ, թե ումից՝ գործարանի ներկա, թե նախկին սեփականատերերից կարող են պահանջել իրենց աշխատավարձերը։

Նշենք, որ նոյեմբերին ԱԺ նախկին պատգամավոր Աշոտ Ափոյանին պատկանող «Աշտարակ կաթ» ընկերությունը դադարեցրել էր աշխատանքը կուտակած պարտքերի պատճառով։ Դեկտեմբերի առաջին օրերին հայտնի դարձավ, որ ընկերությունը ձեռք է բերել ամերիկյան «Ադրա Ռեմարա» ընկերությունը, որի ներկայացուցիչները ներկայումս «Աշտարակ կաթ»֊ում առողջացման ծրագիր են իրականացնում։

«Մեր իրավաբանին հարցնում ենք գործարանի կարգավիճակը, ասում ա՝ հայտնի չի։ Ասում ենք՝ իրա՞նք են մեր իրավահաջորդը, ասում ա՝ հայտնի չի։ Իրանք խլե՞լ են այդ գործարանը, ասում ա՝ հայտնի չի։ Եթե ոչ մի բան հայտնի չի, ուրեմն փողերն էլ հայտնի չի՝ երբ կտան»,- «Ազատության» հետ զրույցում ասել է գործարանի նախկին աշխատակիցներից մեկը, որին ընկերությունը պարտք է մոտ 1 միլիոն 300 հազար դրամ։

Բողոքողների խոսքով՝ նոր սեփականատերերի ի հայտ գալուց հետո ամեն անգամ, երբ իրենք պահանջել են աշխատավարձերը, իրենց պատասխանել են․ «Մե՞նք ենք ձեզ աշխատացրել, որ մենք վճարենք»։ Սակայն աշխատողներն ընդգծում են, որ ըստ օրենքի իրավահաջորդը պարտավոր է տալ իրենց գումարները։

«Հինը [սեփականատերը] չենք իմանում՝ ինչ է եղել, իսկ նորերը չգիտեք՝ ոնց են եկել… վաճառվե՞լ է, արենդա՞ է… մեզ ոչ մեկը ոչ մի բան չի ասում», ֊ նշել է աշխատակիցներից մեկը

«Աշտարակ կաթի» առողջացման ծրագրի ղեկավար Արտակ Ավագյանը «Ազատության» հետ զրույցում նշել է, որ խնդիրները լուծվելու են, սակայն չի ասել՝ ով է վճարելու գործարանի աշխատակիցների գումարները։ Նա հույս է հայտնել, որ մինչև գարուն առողջացման ծրագիրն արդեն ավարտված կլինի․ «Շատ վատ վիճակում է եղել գործարանը։ Առողջացման ծրագրի շրջանակներում մտնում է բոլորի հարցին տալ դրական պատասխան։ Ամեն ինչ փուլ առ փուլ պետք է կատարվի։ Քանի դեռ գործարանը վերջնական վճարունակ չի դառել, ժամկետներ ասելու պատրաստ չէ, բայց որ բոլորին լինելու է դրական պատասխան, դա միանշանակ է»։