Հայաստանյան մի շարք նախարարությունների և դրանց ենթակա ՊՈԱԿ֊ների աշխատողներին ղեկավարությունը պարտադրում է «Արցախի ազգային վիճակախաղի» տոմսեր գնել՝ մասնակցելու համար «Արցախի պաշտպանության բանակի զինծառայողների սոցիալական խնդիրների լուծմանը»։ Այս պրակտիկան տարբեր պետական հաստատություններում շարունակվում է արդեն մի քանի տարի։
Epress.am-ի տեղեկություններով՝ այս տարի որոշ ՊՈԱԿ֊ների աշխատողներ փորձել են հրաժարվել վիճակախաղի 2000 դրամ արժողությամբ տոմսերը գնելուց, սակայն նրանց ասել են, որ դա պարտադիր է։
Վիճակախաղի տոմսի վրա կարդում ենք․ «Վիճակախաղում խաղարկվում են «թողարկված է Արցախում» տարբերանշան կրող և ավանդական արհեստների ծնունդ հանդիսացող արտադրատեսակներ։ Ունեցիր վիճակախաղի մեկ տոմս և կոլեկտիվ պատասխանատվություն վերցրու Արցախի շենացման հարցում»։
«Արցախի ազգային վիճակախաղի» տոմսերը պարտադիր֊կամավոր սկզբունքով վաճառվել են նաև անցյալ տարիներին։ «Հրապարակ» օրաթերթը գրել էր, որ 2014 թվականին երևանյան դպրոցներում ուսուցիչներին «ստիպում են իրացնել «Արցախ լոտո» վիճակախաղը»:
2013 թվականին «Հայկական ժամանակ» օրաթերթը նշել էր, որ վիճակախաղի տոմսերը պարտադրաբար վաճառվում էին Ագրարային համալսարանում։
«Այցելելով բուհ՝ թերթի թղթակիցը տեսել է, որ վիճակախաղի գովազդը փակցված է շենքի ներսում: «Շահում ես դու, շահում է երկիրը» ազդարարում է գովազդը, իսկ լոտոյի տոմսի վրա գրված է. «Մասնակցելով վիճակախաղին՝ դուք կնպաստեք Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վերաբնակեցմանը»», ֊ գրել էր թերթը։