Հայ ազգային կոնգրեսի համագումարում կուսակցության առաջնորդ Լևոն Տեր֊Պետրոսյանը խոսել է ղարաբաղյան հարցի լուծման անհրաժեշտությունից և քննադատել Հայաստանի իշխանությունների առաջարկած «ազգ֊բանակ» ծրագիրը՝ նշելով, որ եթե անհրաժեշտություն կա օրինակ վերցնել Իսրայելից, ապա պետք է վերցնել ոչ թե «ազգ-բանակի», այլ «խաղաղություն հիմա(Peace now)» շարժման օրինակը։
««Ազգ-բանակի» կառուցման ծրագիրը ձախորդ, չմտածված, վտանգավոր ծրագիր է, որի միակ արդյունքը լինելու է արտագաղթի խթանումը և Հայաստանի ու Ղարաբաղի վերջնական հայաթափումը։ Տպավորություն է ստեղծվում, որ վարչախումբը մտադիր է «ազգ-բանակ» ծրագիրն իրականացնել նրա բաղադրիչներից մեկի՝ ազգի վերացման գնով։ Այսինքն՝ որոշ ժամանակ անց մենք գուցե հզոր բանակ ունենանք, բայց հարց է՝ ազգ մնացած կլինի, թե՞ ոչ»,֊ ասել է Տեր֊Պետրոսյանը։
Մինչ մանրամասնելն առաջին նախագահը նախ անդրադարձել է Սփյուռքի դերակատարությանը և դրա հետ հույսեր կապելուն։
«Մարդկային ռեսուրսների առումով Հայաստանի իշխանությունները մեծ հույսեր են կապում Սփյուռքի հետ։ Ինքս սփյուռքահայ լինելով, ինձ իրավունք եմ վերապահում ամենայն պատասխանատվությամբ հայտարարել, որ այդ ակնկալիքը բացարձակ ցնորք է և ինքնախաբեություն։ Բավական է հիշեցնել, որ 1990-ականների եռամյա պատերազմին մասնակցել է ընդամենը 12 սփյուռքահայ։ Այդ թիվը ժամանակին ցավով հրապարակել է ոչ այլ ոք, քան պատերազմի բոլոր մանրամասներին տիրապետող Վազգեն Սարգսյանը… Եթե Հայաստանի տնտեսության ներկայիս վիճակը ողբալի չլիներ, ապա իշխանությունները, զոհված ու հաշմանդամ զինծառայողների ընտանիքների կարիքները հոգալու համար, ոչ մի այլ պարագայում չէին ընդունի ժողովրդից 1000-ական դրամ մուրալու խայտառակ օրենքը, ինչը, առաջին իսկ քայլով «ազգ-բանակ» գաղափարը վարկաբեկելուց բացի, ծանր հարված հասցրեց պետության արժանապատվությանը, մեզ ծաղրի առարկա դարձնելով աշխարհի առջև։ Նյութական ռեսուրսների առումով ևս առանձնապես հույս չպետք է դնել Սփյուռքի էական աջակցության վրա։ Նախ՝ Սփյուռքն ինչո՞ւ պիտի օգնի Հայաստանին, որի հարստությունը թալանվում է սեփական իշխանավորների կողմից, և երկրորդ՝ երախտագիտությամբ գնահատելով հանդերձ սփյուռքահայ բարերարների և հասարակ ժողովրդի կողմից անկախության շրջանում Հայաստանին ցուցաբերված մարդասիրական օգնությունը, չպետք է մոռանալ, որ այն երբեք չի գերազանցել մեր երկրի տարեկան բյուջեի երկու-երեք տոկոսը»,֊ ասել է Լևոն Տեր֊Պետրոսյանը։
Ըստ նրա՝ Հայաստանն իր անվտանգ գոյությունը պահպանելու համար պարտադրված չէ դիմելու «ազգ-բանակի» ստեղծման ծայրահեղ քայլին, այլ պետք է լուծի Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը։
«Ադրբեջանի ու Թուրքիայի հետ հակասությունների վերացումն ու բարիդրացիական հարաբերությունների հաստատումը կախված են ընդամենը մեկ հարցի՝ Ղարաբաղյան հակամարտության կարգավորումից… Չպետք է անկարևոր համարել այն իրողությունը, որ հակառակ այդ հարցում Ադրբեջանի հանդեպ Թուրքիայի ցուցաբերած անվերապահ քաղաքական աջակցությանը, վերջինս, շրջափակումից բացի, Հայաստանի դեմ որևէ այլ թշնամական գործողություն չի ձեռնարկել և ոչնչով չի կարողացել խանգարել Ղարաբաղի տարածքային ընդարձակմանը։ Ավելին, գուցե պարադոքսալ հնչի, ցուցադրական աջակցությամբ մեծ հույսեր ներշնչելով ու դրանով անզիջողականության մղելով Ադրբեջանին, Թուրքիան որոշ առումով նույնիսկ նպաստել է արցախյան բանակի արձանագրած հաջողություններին։ Եթե հակամարտության հարցում կողմերից մեկին աջակցելու փոխարեն, նա չեզոքություն պահպաներ ու դրանով Ադրբեջանին անզիջողականության չդրդեր, ապա Քելբաջարից հետո վերջինս չէր կորցնի իր տարածքի հավելյալ հինգ շրջանները։ Թուրքիայի ապակառուցողական միջամտությունն, այսպիսով, ոչ թե թուլացրել, այլ ավելի ևս սրել է Ղարաբաղյան հակամարտության շուրջ ստեղծված լարվածությունը», – ասել է նա։
Եթե ոչ գոյությունը պահպանելու, ապա ի՞նչ նպատակ է հետապնդում մեր երկրի իշխանությունը իր «ազգ-բանակ» ծրագրով, հարց է բարձրացրել Տեր-Պետրոսյանը։
«Կարելի է, իհարկե, մտածել, և այդպես մտածողներ կան, որ «ազգ-բանակ» գաղափարի առաջքաշումը իշխող կուսակցության հերթական հայրենասիրախաղերից կամ նախընտրական փուչ կարգախոսներից մեկն է՝ «ազգովի դառնանք ֆիդայի», «համաշխարհային ազգ», «ազգ-կազմակերպություն», «ծովից-ծով Հայաստան», «Քուռ-Արաքսյան հանրապետություն», «ոչ մի թիզ հող», «համահայկական բանկ», «Գյումրին՝ տեխնոպարկ», «Դիլիջանը՝ ֆինանսական կենտրոն», «Ստամբուլը՝ արյան ծով» հեքիաթների շարքից։ Եթե այդպես է, ուրեմն «ազգ-բանակի» գաղափարն այնքան էլ վտանգավոր չէ, որովհետև նախորդ փուչիկների պես շուտով կպայթի։ Իսկ եթե վարչախմբի մտադրությունն այս անգամ լուրջ է, ապա անհրաժեշտ է հարցին անդրադառնալ նույնքան լրջորեն։ Շատ խելք պետք չէ հասկանալու համար, որ այդ գաղափարը ստատուս-քվոյի պահպանման միևնույն ռազմավարությունն է՝ մատուցված ուրիշ փաթեթավորումով։ Այսինքն, մեր իշխանությանը հոգեհարազատ մարկետինգի տրամաբանությամբ՝ իր սնանկությունն ապացուցած, բարոյապես մաշված և սպառողին ձանձրացրած բրենդը փոխարինվել է մի այլ, ավելի գրավիչ ու բարեհունչ բրենդով։ Այլ կերպ ասած, դաս չքաղելով անցած 18 տարիների դառը փորձից, վարչախումբը որոշել է շարունակել Ադրբեջանի ու Թուրքիայի հետ հավերժ առճակատման տխրահռչակ քաղաքականությունը, որն այս կարճ ժամանակամիջոցում արդեն իսկ տնտեսական, սոցիալական, ժողովրդագրական ու բարոյահոգեբանական բազում ավերներ է գործել Հայաստանում եւ Ղարաբաղում։ Դա նշանակում է առնվազն ևս 18 տարի ենթարկվել այդ ավերներին, մինչև Հայաստանից ու Ղարաբաղից բան չմնա, և խնդիրն ինքնըստինքյան կորցնի իր ակտուալությունը։ Բազմիցս է ասվել, որ Հայաստանի ու Ղարաբաղի անվտանգության, տնտեսական զարգացման եւ ժողովրդագրական վիճակի բարելավման գլխավոր երաշխիքը Ղարաբաղյան հակամարտության և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումն է։ Պարզվում է, սակայն, որ այս տարրական ճշմարտությունն ըմբռնելու համար 18 տարին էլ չի բավականացրել մեր իշխանություններին։ Իրականում խնդիրը մեկն է՝ Ղարաբաղի հարցի լուծումը, որից հետո հայ-թուրքական հարաբերությունները կկարգավորվեն ինքնաբերաբար։ Իսկ Ղարաբաղի հարցի լուծման այլ տարբերակ, քան փուլայինը, գոյություն չունի։ Այսօր բանակցությունների սեղանին, ըստ էության, դրված է կարգավորման փոխզիջումային նույն առաջարկը, ինչ 1997 թվականին, այն է՝ որոշ տարածքների զիջման դիմաց Ղարաբաղին միջազգայնորեն ճանաչված միջանկյալ կարգավիճակ շնորհելու, իսկ վերջնական կարգավիճակի հարցը ապագային թողնելու տարբերակը՝ երաշխավորված ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում խաղաղապահ ուժերի տեղակայմամբ։
Արդի աշխարհում նվաճողի միջնադարյան իրավունքն ու ջունգլիների օրենքն այլեւս չեն գործում, և հակամարտությունների կարգավորման այլ տարբերակ, քան փոխզիջումը, գոյություն չունի․․․», – ասել է նա։
Ղարաբաղյան կարգավորման հարցի լուծման Կոնգրեսի տեսալականը նա մի քանի կետով է համառոտել․
«ա. Առանց այդ խնդրի լուծման Հայաստանը և Ղարաբաղը զրկված են ապահովության, զարգացման ու բարգավաճման որևէ հեռանկարից. տասնութ տարին քիչ ժամանակ չէր, այդ բանն ըմբռնելու համար։
բ. Այլ լուծում, քան այն, ինչ դրված է բանակցությունների սեղանին, գոյություն չունի։ Պահը բաց թողնելու դեպքում հաջորդ լուծումը մեզ համար ավելի վատն է լինելու։
գ. Կարգավորման արդյունքում կողմերն իրենց հաղթող կամ պարտվող չպետք է զգան, այլապես երկարաժամկետ կտրվածքով նրանց հարաբերությունները հղի կլինեն հակամարտության վերականգնման մշտական վտանգով։
դ. Հայ Ազգային Կոնգրեսը, ինչպես արդեն նշվեց, կարծիք արտահայտելուց բացի, կարգավորման գործընթացի վրա ազդեցության այլ լծակ չունի։
ե. Հարցի լուծման պատասխանատվությունն ամբողջապես ընկած է իշխող վարչախմբի և նրա հենարանը հանդիսացող քաղաքական ուժերի վրա։ Ուզո՞ւմ են ականջալուր լինել մեր կարծիքին՝ շատ լավ, չե՞ն ուզում՝ մեղքը իրենց վիզը։
զ. Եթե մեր իշխանությունն ի զորու լինի հասնելու ավելի շահեկան, հաղթողական լուծման, մենք միայն կողջունենք դա և ներողություն կխնդրենք նրանցից։
է. Մենք հավասարապես ցավում ենք հակամարտության պատճառով ոչ միայն հայերի, այլև ադրբեջանցիների կրած անհամար տառապանքների համար և անկեղծորեն հավատում երկու ժողովուրդների խաղաղ համակեցությանն ու բարիդրացիական հարաբերությունների հաստատմանը։