Այս տարվա հուլիսի 19-ին Սարի թաղում ոստիկանների դեմ «վտանգավոր գործողություն կատարելու» մեղադրանքով 9 քաղաքացիներին ձերբակալել են՝ժողովրդին պատժելու համար։ Նրանց բոլորին առաջադրվել է նույնաբովանդակ մեղադրանք, և ձերբակալվածներից ոչ մեկը չգիտի, թե ինքը կոնկրետ ինչումն է մեղադրվում։ Այսօր «Մեդիա կենտրոն»-ում՝ մամուլի ասուլիսի ժամանակ, այս մասին ասել է Սարի թաղի ձերբակալված բնակիչ Հարություն Թորոսյանի եղբայրը՝ Թորոս Թորոսյանը։
9 ձերբակալվածներին մեղադրանք է առաջադրված 316-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (Իշխանության ներկայացուցչի նկատմամբ վտանգավոր բռնություն գործադրելը)։ Մեղադրանքը հաստատվելու դեպքում նրանց սպառնում է 5-10 տարի ազատազրկում։ Ձերբակալվածներից 4-ի դեպքում նախաքննությունն ավարտվել է օգոստոսի վերջին, սակայն դատական նիստերն անընդհատ տարբեր պատճառներով հետաձգվել են։ Վերջին դատական նիստը տեղի է ունեցել դեկտեմբերի 16-ին։
Սարի թաղում կալանավորված բնակիչներից մի քանիսի փաստաբան Լիպարիտ Սիմոնյանը նշել է, որ նախորդ դատական նիստերի ժամանակ իրենք միջնորդություն են ներկայացրել դատարան՝ խնդրելով կոնկրետացնել յուրաքանչյուրի մեղադրանքը, քանի որ առանց կոնկրետացնելու, փաստաբանի խոսքով, անհնար է պաշտպանել մեղադրյալներին։
«Ըստ էության՝ թե՛ դատարվորը, թե՛ դատախազը հրաժարվեցին բացատրել այդ մեղադրանքը։ Մեղադրողն ասաց՝ դատաքննության ժամանակ կպարզվի՝ ով ինչ է արել։ Այսինքն՝ անձանց կալանքի տակ են պահում, և ասում են՝ հետագայում կպարզենք։ Եվ այդպես էլ մեղադրյալները տեղյակ չեն մինչև հիմա, թե ինչ գործողություն անելու համար են իրենք մեղադրվում։ Կալանավորումը որպես խափանման միջոց ամենածանրն է, և դա գործադրվում է միայն բացառիկ դեպքերում։ Իսկ այս դեպքում նախաքննական մարմինը, նայելով տեսանյութը, ում տեսել է, կալանավորել է և մեղադրանք առաջադրել՝ հետագայում պարզելու, թե ինչ է կատարվել», – ասել է Սիմոնյանը։
Փաստաբանն ընդգծել է նաև, որ դատարանում «տուժող կոչված» (նկատի ունի ոստիկաններին) անձանց տված ցուցմունքներից ակնհայտ է՝ ամբաստանյալի աթոռին նստածներից ոչ մեկին իրենք իրականում չեն ճանաչում։
Թորոս Թորոսյանը նշել է, որ իշխանությունների միակ միտքն է եղել քաղաքացիներին պատժել և նույն հաջողությամբ այդ 9 հոգու փոխարեն կարող էին այլ անձնաց ձերբակալել․ «Դե նստել են, կոֆե խմել, որոշել՝ ում պատժեն»։
Նրա խոսքով՝ հուլիսի 19-ին խմբակային գործողություն չի եղել, դա եղել է ինքնաբուխ հավաք, քանի որ «Սասնա ծռերի» գործողությունից հետո թաղամասում բնակվող մարդկանց զրկել են կենցաղային հարմարություններից՝ գազից, ջրից, լույսից։
Թորոսյանը դժգոհություն է հայտնել նաև դատական ողջ գործընթացից և նշել, որ իրենց միակ հույսը Մարդու իրավունքների եվրոպական դատարանն է։