Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը խուսափում է երաժիշտ Վահան Արծրունուն ԱԱԾ «հրավիրելու» գործով գնահատականներ տալ։ Նման եզրակացության է եկել ինքը՝ երաժիշտը։
Ազգային անվտանգության ծառայություն (ԱԱԾ) «զրույցի հրավիրվելու» առիթով Վահան Արծրունին դիմել էր Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին՝ օմբուդսմենից խնդրելով նախ գնահատական տալ կատարվածին, և անհրաժեշտության դեպքում, պաշտպանել իր իրավունքները։
ՄԻՊ գրասենյակի պատասխան նամակում Վահան Արծրունու նշած «քաղաքական ճնշում» և «խոսքի ազատության սահմանափակում» արտահայտությունները վերցված են եղել չակերտների մեջ: ՄԻՊ֊ն ընդգծել է, որ Արծրունին ԱԱԾ է գնացել կամովի։
Նշենք, որ երաժիշտը ՄԻՊ֊ից խնդրել էր պարզաբանել՝ արդյո՞ք հանդիպումը ԱԱԾ աշխատակցի հետ առանց ծանուցագրի, փաստորեն, հեռախոսազանգով հրավիրվելով, առանց արձանագրություն կազմելու և իր քաղաքացիական կարգավիճակը բացատրելու, չի խախտում որևէ կետում ՀՀ սահմանադրության դրույթները, իր իրավունքները և օրենքը, և արդյո՞ք իրեն տրվող հարցերի շարադրանքն ու տրամաբանությունը չի պարունակում իր մեջ քաղաքական ճնշման տարր, խոսքի ազատության սահմանափակում, և չի քողարկում իր մեջ որևէ սպառնալիք:
«Ձեր դիմումի մեջ նշված «քաղաքական ճնշմանը» և «խոսքի ազատության սահմանափակմանը» վերաբերող հարցադրումներին՝ անհրաժեշտ է նշել, որ տվյալ իրավիճակում հնարավոր չէ տալ նման գնահատական կամ որակում, քանի որ իրավապահ մարմնի հրավերն ընդունելու և առաջադրված հարցերին պատասխաններ ներկայացնելու վերաբերյալ ինչպես Ձեր դիմումում է նշված, այնպես էլ լրատվության միջոցներում հրապարակված տեղեկությունները վկայում են, որ դա տեղի է ունեցել կամովի»,֊ պատասխանել է Արման Թաթոյանը։
Հրապարակելով նամակագրությունը ֆեյսբուքում՝ երաժիշտը գրել է․ «Ինձ թվում է, որ ՄԻՊ-ի նամակը ոչ թե պատասխան է, այլ ավելի շուտ պատասխաններից և գնահատականներից հմտորեն խուսափելու հերթական օրինակ։ Ստացվում է, որ օրենքով նախատեսված պրոցեդուրան՝ հարցաքննելու հրավերի իրողությունը, արձանագրվում է, բայց չի քննադատվում»։