Վայոց ձորի մարզի Արենի գյուղի բնակիչ, Վայքի զորամասի պայմանագրային զինծառայող Սևակ Սիմոնյանն առողջական խնդիրների պատճառով չի ցանկացել բարձրանալ դիրքեր, սակայն հրամանատարի սպառնալիքների պատճառով, այնուամենայնիվ, գնացել է։ Դրանից հետո նրան չեն վճարել դիրքերում գտնվելու ընթացքի համար հասանելիք աշխատավարձը։
Սեպտեմբերին՝ Նախիջևանի սահմանի դիրքերում գտնվելու ժամանակ, Սիմոնյանի առողջական վիճակը վատացել է՝ վնասվել են նրա ոտքի մատները։ «Չգիտեմ՝ բատինկաներից էր, ինչից էր, ոտքի մատները վնասվել են», – Epress.am-ի հետ զրույցում պատմել է զինծառայողի կինը՝ Հայարփի Ոսկանյանը։
Կնոջ խոսքով՝ դիրքերից իջնելուց հետո ամուսինն արձակուրդ է վերցրել։
«Հոկտեմբերի 22-23-ին ոտքը դեռ չէր դզվել, գնացել է Սիսիանի զինվորական հոսպիտալ, այնտեղից թուղթ են տվել, որ ինքը պետք է հանգիստ պառկի ու դիրքեր չգնա, բուժում ստանա», ֊ ասել է Ոսկանյանը։
Սիմոնյանը զինվորական հոսպիտալի տված թուղթը ներկայացրել է Վայոց ձորի մարզի Վայք քաղաքում տեղակայված զորամաս, որտեղ ինքը ծառայում է և հայտնել, որ չի կարող դիրքեր բարձրանալ։ Հոկտեմբերի 26-ին՝ դիրքեր բարձրանալուց մեկ օր առաջ, զինվորականին է զանգահարել նրա հրամանատար Մհեր Ստեփանյանը և պահանջել, որպեսզի Սիմոնյանը դիրքեր գնա։
«Եթե չբարձրանաս, քեզ սենց կանենք, նենց կանենք։ Հեռացում կտանք քեզ, վերջնահաշվարկ չենք անի։ Տենց սպառնալիքներ էր տալիս։ Սևակն ասել է՝ բայց ես բերել ու թուղթ եմ ներկայացրել, որ առողջական խնդիրներ ունեմ ու ինձ հանգիստ է նշանակված։ Ասել էր՝ ինձ ոչ մի բան չի հետաքրքրում, եթե ուզում ես ամեն ինչ նորմալ լինի․․․։ Տենց Սևակին զոռով բարձրացրեցին պոստեր, հոկտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 10-ը, եկավ, ոտքը էլի վատ էր», – պատմել է զինվորականի կինը։
Նոյեմբեր ամսին Սևակ Սիմոնյանը որպես աշխատավարձ, ստացել է ընդամենը 81 հազար դրամ։
«Ես չգիտեմ՝ ինչի է էդքան քիչ գումար ստացել, ոնց են արել վերջնահաշվարկը։ Իր ընդհանուր աշխատավարձը 158 հազար էր։ Երբ արձակուրդում են լինում, ստանում են 105 հազար դրամ։ Իրենք տվել են փաստորեն հոկտեմբեր ամսվա համար 81 հազար դրամ, որպես արձակուրդային երևի և դրա մեջ ներառյալ հոկտեմբերի 3 օրվա դիրքայինը։ Բայց ինքը հոկտեմբերի 27-ին էր բարձրացել դիրքեր և իջել է նոյեմբերի 10-ին»։
Զորամասում Սիմոնյանին ասել են, որ հոկտեմբեր ամսվա երեք օրվա դիրքայինների ցուցակում է եղել նրա անունը, իսկ նոյեմբեր ամսվա ցուցակում չի եղել։
«Ասում են՝ նոյեմբերից դու ընդհանրապես չունես աշխատավարձ ստանալու, դու դիրքեր չես գնացել, քո անունը այդ ցուցակում չկա։ Մի ամիս է տանում-բերում են, մեկը ասում է՝ էն մեկը պիտի այդ գործը անի, մյուսը ասում է՝ ուրիշը պետք է այդ գործը անի։ Դիմել է զորամասի ֆինանսիստին, վաշտի հրամանատարին, սաղ ասել են՝ մենք գործ չունենք։ Առհասարակ զորամասում շատ կոպիտ ձևով, քֆուրով են խոսել, ասել են՝ մեզ հետաքրքիր չես, գնա, այստեղ փող չունես ստանալու, դու դիրքեր չես գնացել, քո անունը ամեն դեպքում այդ ցուցակում չկա, ու եթե լինի էլ, դու պիտի ստանաս 40 հազար 10 օրվա դիրքերի փող։ Չգիտենք, թե ինչ խաղ են անում», – ասել է զինվորականի կինը։
Սիմոնյանի աշխատանքային պայմանագիրը լրացել է նոյեմբերի 24-ին։
«Ինձ թվում է՝ իրանք իմացել են, որ Սևակի պայմանագիրը լրացել է, և իրանք այս քանի ամիս Սևակի գլխին այդ խաղը խաղացել են։ Բայց մինչև նոյեմբեր ամսվա 24-ը Սևակը եղել է աշխատանքի մեջ։ Իրանք պետք է հոկտեմբերի արձակուրդայինը՝ 105 հազար դրամ տային, նոյեմբերի դիրքայինի փողը ու մեկ էլ մինչև ամսի 24-ի աշխատավարձը», -ասել է Ոսկանյանը։
Հարցը լուծելու համար Ոսկանյանը օրեր շարունակ զանգահարել է Պաշտպանության նախարարության «Թեժ գծի» հեռախոսահամարով, սակայն այդպես էլ չեն պատասխանել։ Իսկ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում էլ՝ ի պատասխան ասել են, որ նամակով շարադրի հարցը։