Երեկ Epress.am-ը գրել է Վայքի զորամասի պայմանագրային զինծառայող Սևակ Սիմոնյանի՝ հրամանատարի սպառնալիքների տակ վատառողջ վիճակում դիրքեր բարձրանալու և այնուհետև աշխատավարձը չստանալու մասին։ Այսօր առավոտյան խմբագրություն է զանգահարել Վայքի զորամասի աշխատակիցներից մեկը և հետաքրքրվել, թե խմբագրությանը որտեղից այդ տեղեկությունները։ Այնուհետև նա պնդել է, որ գրածը իրականությանը չի համապատասխանում և հավելել․ «Ձեզ դու՞ր ա գալիս, որ Haqqin.az-ը (ադրբեջանական լրատվական կայք-խմբ․) գրել է այդ դեպքի մասին»։
Լրագրողը բացատրել է, որ Epress.am-ը պատասխանատվություն չի կրում այլ խմբագրությունների գործունեության համար և առաջարկել հայտնել Վայքի զորամասի տեսակետը խնդրի առնչությամբ։ Քիչ անց խմբագրություն է զանգահարել մեկ այլ մարդ, ով ներկայացել է որպես զորամասի հրամանատարի տեղակալ։ Նա նույն հարցերն է տվել և անդրադարձել ադրբեջանական կայքի կողմից նյութը արտատպելու թեմային։ Լրագրողի հարցին, թե արդյո՞ք հայկական բանակի սպան կարդում է ադրբեջանական կայքը կամ հենվում է Haqqin.az-ի տարածած տեղեկատվության վրա, հրամանատարի տեղակալն ասել է, որ ինքն անձամբ չի կարդացել, բայց իրեն փոխանցել են այդ մասին։ Այնուհետև նա կոչ է արել չփնովել բանակը։ Մեր լրագրողը կրկին խնդրել է էլ․փոստով զորամասի տեսակետն ուղարկել խնդրի առնչությամբ, սակայն աշխատանքային օրվա ընթացքում զորամասից ոչ մի նամակ չի ստացել։
Օրվա վերջին պարզեցինք, որ զորամասի անձնակազմը խոստացել է նոյեմբեր ամսվա համար հասանելիք գումարի պակասող մասը զինծառայողին փոխանցել դեկտեմբերի վերջին։