«Արմավիր» քրեակատարողական հիմնարկում 2016 թվականի հունվարի 4-ին մահացած Անզոր Կարապետյանի գործի վերաբերյալ միջնորդությունն արդեն մի քանի ամիս է անպատասխան է մնում վարույթն իրականացնող մարմնի կողմից։
Կարապետյանի իրավահաջորդների շահերը պաշտպանող փաստաբան Անի Չատինյանն այսօր Epress.am-ի հետ զրույցում նշել է, որ դեռ սեպտեմբերին ինքը միջնորդություն է ներկայացրել վարույթն իրականացնող մարմնին՝ խնդրելով պարզել՝ արդյոք քրեակատարողական հիմնարկը կատարել է օրենքով սահմանված իր բոլոր պարտականությունները՝ Անզոր Կարապետյանի կյանքը պահպանելու համար, երբ նա գտնվել է ՔԿՀ֊ի հսկողության տակ։
«Միայն միջնորդությունը ներկայացնելուց հետո ասել էին, որ կատարվելիք գործողությունների մասին կտեղեկացնեն, սակայն մինչև հիմա ոչ մի պատասխան չեմ ստացել։ Երեկ կրկին նոր գրություն եմ ուղարկել, որպեսզի տեղեկացնեն, թե մինչև այսօր ինչ գործողություններ են իրականացվել»,- նշել է փաստաբանը։
Հիշեցենք, որ 2015 թվականի դեկտեմբերի 31-ին Արմավիր քաղաքում տեղի է ունեցել ծեծկռտուք, որին մասնակցել է նաև Անզոր Կարապետյանը։ Հունվարի 2-ին նա ներկայացել է ոստիկանություն, նրան ձերբակալել են, այնուհետև 2016 թվականի հունվարի 3-ի երեկոյան դատարանի որոշմամբ կալանավորվել է և գիշերը տեղափոխվել «Արմավիր» ՔԿՀ: Համաձայն պաշտոնական վարկածի, հաջորդ օրը բանտախցում հայտնաբերվել է 21-ամյա երիտասարդի դին կախված վիճակում: Փորձաքննության համաձայն, երիտասարդը ինքնասպանություն է գործել, մինչդեռ նրա հարազատները այդ վարկածին չեն հավատում։