Կառավարությունը քաղցրաշենցի խաղողագործներին չի վճարի «Վինար» ընկերության պարտքի դիմաց, քանի որ չի ցանկանում սեփականատերերի փոխարեն գյուղացիներին գումար տալու վատ նախադեպ ստեղծել։ Այս մասին այսօր Կառավարությունում ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը՝ պատասխանելով «Փաստ» օրաթերթի խմբագիր Աշոտ Աղաբաբյանի հարցին․ ««Վինար» գործարանը քաղցրաշենցիներին 185 միլիոն դրամ է պարտք, իսկ էս ընթացքում 40 հազար շիշ գինի է Չինաստան արտահանել։ Այս հարցը չի լուծվում»։
Վարչապետն ասել է, որ ինքը պարտավոր չէ իմանալ այս հարցի մանրամասները, սակայն գիտի, քանի որ աղմուկը շատ է։
«Ա՛յ որ դուք ասում եք՝ Չինաստան է տարել, համոզված եղեք, որևէ պետական մարմին չկա, որ շահագրգռված ա, որ «Վինարը» փողը դնի ջեբը, չտա գյուղացուն», ֊ ասել է վարչապետը։
Վերջինս նաև հակադարձել է լրագրողի դիտարկմանը, թե «Վինարի» համասեփականատերերից է պատգամավոր Կարո Կարապետյանը՝ նշելով, որ ինչքան ինքը գիտի՝ դա այդպես չէ։
Epress.am-ի հետ զրույցում Քաղցրաշենի բնակիչ Զաքար Պետրոսյանը, որին «Վինար» գործարանը նույնպես մթերված խաղողի դիմաց պարտք է, այսօր հայտնել է, որ 2016 թվականի վերջում գյուղապետարանից կանչել են քաղցրաշենցիներին և խնդրել ներկայացնել իրենց հաշվեհամարներն ու մթերված խաղողի դիմաց ստացած կտրոնները, որպեսզի սկսեն պարտքերի մարումը։
«Ոչ բոլորին են ամեն դեպքում փոխանցել, մարդիկ կան՝ մի որոշ գումար ստացել են, մարդիկ կան, որ չեն ստացել», – ասել է Պետրոսյանը։ Նրա փոխանցմամբ՝ որոշ ժամանակ առաջ խնդրի հետ կապված իրենք նամակ էին գրել վարչապետ Կարեն Կարապետյանին, սակայն այդպես էլ ոչ մի արձագանք չէին ստացել։
Խաղողագործի փոխանցմամբ՝ վերջին անգամ գյուղնախարար Իգնատի Առաքելյանի հետ հանդիպման ժամանակ քաղցրաշենցիներին հասկացրել էին․ «Ում խաղող եք տվել, նրանից էլ փողը պահանջեք»։
Մեզ հետ զրույցում Քաղցրաշենի գյուղապետ Վալերիկ Գյուլամիրյանը, իր հերթին, ասել է, որ Գյուղնախարարության նախաձեռնությամբ և Արարատի մարզպետարանի կարգադրությամբ են իրենք գյուղացիներին հրավիրել գյուղապետարան։
«Ինչքան գիտեմ, «Վինարից» սպիրտ են վերցրել, ծախել և նախարարությունն էլ միջնորդ է եղել ու փողը տալիս են», – ասել է գյուղապետը։ Նա, սակայն դժվարացել է պատասխանել, թե երբ քաղցրաշենցիները կստանան իրենց գումարն ամբողջությամբ։
Նշենք, որ Արարատի մարզի Քաղցրաշեն գյուղի բնակիչները 2015 թվականի աշնանն առատ բերքի պայմաններում ստիպված են եղել խաղողի կիլոգրամը Քաղցրաշենի գինու գործարանին հանձնել անգամ 40 դրամով, սակայն մինչ օրս ամբողջ գումարը չեն ստացել։ Խաղողը մթերել է «Վինար» գործարանը։ Մեկ տարի շարունակ քաղցրաշենցիներն իրենց գումարը ստանալու համար Կառավարության շենքի և նախագահականի դիմաց բողոքի ակցիաներ են արել, հրաժարվել են իրենց երեխաներին դպրոց ուղարկել, սակայն մթերված խաղողի դիմաց միայն գումարի մի մասն են ստացել։