Ժիրայր Սեֆիլյանի գործով ձերբակալված Ներսես Պողոսյանն իր մոր հորդորներից հետո դադարեցրել է դեկտեմբերի 15-ին հայտարարած հացադուլը։ Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել նրա պաշտպան, «Հելսինկյան ասոցիացիայի» փաստաբան Արայիկ Պապիկյանը: 7 ամիս կալանքի տակ գտնվող Պողոսյանը պահանջում էր փոխել իր նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը և կիրառել չհեռանալու մասին ստորագրությունը կամ գրավը։
«Երեկ եմ խոսել հետը, ասաց՝ մոր հետ է հանդիպել, մոր առողջական վիճակը լավ չէ, ուղղակի մոր առողջությունը չքայքայելու համար, դադարեցրել է հացադուլը», -ասել է Պապիկյանը։
Ավելի վաղ կալանքի վերաբերյալ Պողոսյանը նամակով իր բողոքն էր հայտնել Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին, Դատախազությանը և Արդարադատության նախարարությանը:
Սակայն կառույցների պատասխանները, Պապիկյանի խոսքով, եղել են միայն զգացմունքային բնույթի հայտարարություններ և ոչ մի կոնկրետ քայլ չեն ձեռնարկել։ Փաստաբանը հայտնել է, որ իրենք այժմ պատրաստվում են դիմել Վճռաբեկ դատարան։
Պողոսյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել 235 հոդվածի 2 մասով՝ ապօրինի կերպով զենք֊զինամթերք կրելը, տեղափոխելը, փոխադրելը, սակայն հետագայում մեղադրանքը փոխվել է 235 հոդվածի 3-րդ մասի, այն է՝ կազմակերպված խմբի կազմում այդ գործողությունները կատարել։ Փաստաբանի խոսքով՝ Պողոսյանը 2006 թվականից ի վեր ակտիվ մասնակցել է քաղաքական ու հասարակական բողոքի ակցիաներին, և, համաձայն Պապիկյանի, նրա դեմ գործ հարուցելը հավանաբար այդ ակտիվության համար է եղել։