Ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունների հիմնական նորամուծություններից մեկը՝ ընտրատեղամասերում տեսանկարահանող սարքերի տեղադրման և քվեարկության ընթացքը ուղիղ հեռարձակելու գործընթացը, ձախողվել է, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը: Երեկ ավարտվել է այդ գործընթացը սպասարկելու համար ընկերության ընտրությունը, բայց ընդամենը մեկ հայտ է ներկայացվել։
Հայ-կանադական «Ի Այ Սի Տելեկոմ» ընկերությունն այդ գործառույթներն իրականացնելու համար 3.8 միլիոն դոլար է պահանջել, մինչդեռ դոնոր կազմակերպություններն ընդամենը 1,6 միլիոն եվրո են հատկացրել։ Կառավարության աշխատակազմի ղեկավար֊նախարար Դավիթ Հարությունյանը երեկ չի բացառել, որ ապրիլի 2-ին ընտրատեղամասերում տեսախցիկներ չլինեն։
«Ինչպես ընդդիմությունն էր կանխատեսում, իշխանությունները կարող են տապալել նաև Ընտրական օրենսգրքի այս փոփոխությունները մրցույթն այնպես կազմակերպելով, որ ընդամենը մեկ ընկերություն հայտ ներկայացնի, այն էլ այնպիսի պայմաններ առաջադրի, որ հնարավոր չլինի դրանք բավարարել։ Ընդդիմության և իշխանության կողմից համատեղ ձևավորած հանձնաժողովի դաշնակցական անդամ Համլետ Աբրահամյանը մեզ հետ զրույցում ասաց, որ այսօր ևս մեկ անգամ պետք է հանդիպեն այդ ընկերության ներկայացուցիչների հետ և քննարկեն նրանց պայմանները։ Միգուցե հրաժարվեն ընտրատեղամասերից դուրս տեսախցիկ տեղադրելու մտքից և այդ սարքավորումները միայն ներսում դնեն», – գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում