ՀՀ ոստիկանության համար համազգեստ կարող «Կոնտինենտ տեքս» ընկերության 126 աշխատակիցներին արդեն 4-րդ տարին է չեն վճարում 7 ամսվա աշխատավարձը։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել են ընկերության նախկին աշխատակիցները։
Գործարանը վնասով աշխատելու պատճառով լուծարվել է 2013 թվականին։ Այսօր արդեն ոստիկանական համազգեստն արտադրում է Քանաքեռի կարի ֆաբրիկան, որը մասնավոր է: Աշխատակիցների խոսքով՝ լուծարման օրվանից սկսած, իրենք խնդրի մասին բարձրաձայնել են բոլոր գերատեսչություններում, սակայն նրանց միշտ հավաստիացրել են, որ գործարանը կվաճառի գույքն ու կտա իրենց աշխատավարձերը։
«Մենք որտեղ դիմում ենք, ասում են՝ գույքը կվաճառեն, հարկայինի 53 միլիոն դրամ պարտքը կտան, հետո էլ ձեր գումարները կտան։ Բայց ուր ա՞, արդեն 4- րդ տարին է ոչ մի կոպեկ չեն վճարել։ Մենք դատարան էլ ենք դիմել, ու դատարանը մեր օգտնին որոշում է կայացրել, ըստ որի, գործարանը պետք է գույքը վաճառի և տա մեր գումարները: Բայց այնտեղ չկա ոչ մի պիտանի գույք, որ մի հատ էլ վաճառեն ու մեր փողերը տան»,- ասել է ընկերության աշխատակիցներից Գոհար Թումանյանը։
Գործարանը աշխատակիցներից յուրաքանչյուրին պարտք է 600 հազար դրամից մինչև մեկ միլիոն դրամ։
«Ամեն շաբաթ գնում ենք Կառավարության դեմը, կանգնում ենք, բայց մեկը դուրս չի գալիս հարցնի՝ էս կանայք ինչի՞ց են բողոքում, ինչո՞ւ են էսքան գալիս ստեղ։ 60 տարեկանից բարձր կանայք ենք, բայց սաղ օրը վազում ենք էս գերատեսչությունից մյուսը։ Մենք պետական հիմնարկում ենք աշխատել ու պետությունը պարտավոր է վճարել մեր աշխատավարձերը»,- ասել է աշխատակիցներից Հայկանուշ Գալստյանը։ Նա նշել է, որ հետախուզման մեջ գտնվող գործարանի տնօրեն Սամվել Բեկչյանին արդեն երեք տարի է չեն կարողանում գտնել։