Ադրբեջանական Lider հեռուստաալիքի Մոսկվայի բյուրոյի ղեկավար Անար Հասանովը Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովին ուղղած հարցի պատճառով զրկվել է աշխատանքից։ Հունվարի 18֊ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ Հասանովը Լավրովից հարցրել է, թե ՌԴ֊ն ինչպես կվարվեր, եթե Ադրբեջանը որոշեր իր տարածքներն ազատագրել ռազմական ճանապարհով։ «Արդյո՞ք Ռուսաստանն աչք կփակի դրա վրա, թե՞ կմիջամտի Ադրբեջանի ներքին հարցերին»,֊ հարցրել է Հասանովը։
Ի պատասխան՝ Լավրովը նկատել է, որ ղարաբաղյան հակամարտությունն Ադրբեջանի ներքին հարցը չէ։ Այնուհետև, գրում է ադրբեջանական «Թուրան» գործակալությունը, ՌԴ արտգործնախարարը «խոսել է օկուպացված տարածքների խաղաղ ճանապարհով ազատագրման ու Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցի լուծման մասին»։
Ադրբեջանում տեղի ունեցածը մեկնաբանվել է որպես Լավրովի կողմից Հայաստանի դիրքորոշման աջակցություն ու Ադրբեջանի իրավունքների ոտնահարում։ Ի տարբերություն պատգամավորների, այդ թվում՝ իշխող կուսակցության անդամների վրդովված հայտարարությունների՝ Ադրբեջանի արտգործնախարարը տեղի ունեցածին շատ «մեղմ» է արձագանքել՝ գնահատական չտալով Լավրովի պնդմանը, թե Ղարաբաղն Ադրբեջանի ներքին հարցը չէ։
«Այնուամենայնիվ, Լավրովի հայտարարությունն ու պաշտոնական Բաքվի անողնաշարությունն ադրբեջանական մամուլում ու սոցցանցերում առաջացրել են իսկական փոթորիկ։ Նմանապես, Լավրովի խոսքերը հիացմունքի փոթորիկ են առաջացրել Հայաստանում»,֊ գրում է «Թուրան»֊ը։
Միջադեպից հետո, հավելում է գործակալությունը, Ադրբեջանի իշխանություններն սկսել են փնտրել «մեղավորին» ու որոշել, որ դրա ամենալավ թեկնածուն Անար Հասանովն է, որին հեռացրել են հեռուստաալիքում 13 տարվա աշխատանքից հետո։
Ադրբեջանի Մամուլի խորհրդի ղեկավար Աֆլաթուն Ամաշևն այդ կապակցությամբ հայտարարել է, որ լրագրողն «անհաջող հարց է տվել ու պետք է ուրիշ բան հարցներ»։