Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկուն մտահոգում են Ֆեյսբուքում հայաստանյան դպրոցներից մեկի ուսուցչի կողմից արված մեկնաբանությունները։ Ինչպես նշված է ՀՀ կրթության և գիտության նախարարության հաղորդագրության մեջ, այս մասին դեսպանն այսօր ասել է նախարար Լևոն Մկրտչյանի հետ հանդիպման ժամանակ։
Նշենք, որ Երևանի Հովհ. Հովհաննիսյանի անվան N52 դպրոցի ուսուցիչ Լևոն Ստեփանյանը շաբաթներ առաջ ռասիստական գրառում էր արել Ֆեյսբուքում հայազգի կնոջ և սև տղամարդու ամուսնական լուսանկարի վերաբերյալ:
Համաձայն ԿԳՆ կայքի, Սվիտալսկու մտահոգությունը կիսել է նաև Մկրտչյանը: Նա ասել է, որ օրեր առաջ նամակով դիմել է Երևանի քաղաքապետին և առաջարկել ձևավորել համապատասխան աշխատանքային խումբ` տվյալ ուսուցչի մանկավարժական գործունեությունն ուսումնասիրելու և անհրաժեշտության դեպքում նրա նկատմամբ կարգապահական տույժ կիրառելու համար:
Ավելի վաղ Կրթության և գիտության նախարարությունից հրաժարվել էին պատասխանել Epress.am֊ի գրավոր հարցմանը։ Մենք հետաքրքրվել էինք՝ արդյոք նախարարությունը պատրաստվում է արձագանքել ուսուցչի գործողություններին։ Նախարարության աշխատակիցներից մեկը հեռախոսազրույցում միայն ասել էր, որ ուսուցիչը օգտվել է խոսքի ազատության իր իրավունքից։ N52 դպրոցի տնօրեն Նարինե Շառյանը, իր հերթին, մեր թղթակցի հետ զրույցում ասել էր, որ չի պատրաստվում ուսուցչին նկատողություն անել, կամ առավել ևս հեռացնել աշխատանքից՝ պատճառաբանելով, որ «մարդը բերել է փաստեր, որ խառնամուսնությունները բերում են տեսակի վերացմանը»։