«Հիմնադիր խորհրդարան» նախաձեռնության համակարգող Ժիրայր Սեֆիլյանի գործով արդեն 8 ամիս կալանքի տակ գտնվող Ներսես Պողոսյանը երեկվանից հացադուլ և ջրադուլ է հայտարարել։
Նման ծայրահեղ քայլի դիմելու պատճառը հունվարի 27-ին Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի՝ կալանքի ժամկետը երկու ամսով երկարացնելու մասին որոշումն է։ Այս մասին Epress.am–ի հետ զրույցում ասել է նրա պաշտպան, «Հելսինկյան ասոցիացիայի» փաստաբան Արայիկ Պապիկյանը, ով տեղեկացրել է, որ Պողոսյանը նաև հրաժարվել է բուժօգնությունից, իսկ նրա առողջական վիճակը շարունակում է շատ ծանր մնալ։
Պապիկյանի խոսքով՝ այս անգամ հացադուլը կարող է արդեն մի շարք առողջական խնդիրներ ունեցող Պողոսյանի համար ծանր հետևանքներ ունենալ։
«Հատկապես ոտքերը շատ վատ վիճակում են։ Այտուցվել են, և առանց օգնության շատ մեծ դժվարությամբ է տեղաշարժվում։ Անհանգստությունը նրա մեջ է, որ ինքն անցած 30 – օրյա հացադուլից հետո (դադարեցրել էր հունվարի կեսին֊խմբ․) մի շարք առողջական խնդիրներ ունի ու հիմա էլ ավելի կխորանան դրանք։ Նրա մոտ արդեն երիկամների խնդիր կա, ճնշում, գլխացավեր ունի, նաև սրտի աշխատանքից է բողոքում։ Նրան բժիշկները դեղեր էին նշանակել, բայց քանի որ հրաժարվել է նաև բուժօգնությունից, այդ դեղերն էլ չի ընդունում»,- նշել է Պապիկյանը։
Փաստաբանի խոսքով՝ Պողոսյանն իր պայքարի միակ միջոցը հացադուլն է համարում և վճռական է տրամադրված։
«Մենք այժմ իրավական քայլեր ենք ձեռնարկում։ Իր հետ կապված փաստաթղթերն արդեն ներկայացվել են եվրոպական տարբեր կառույցներին։ Օրենքով չարգելված բոլոր քայլերը ձեռնարկելու ենք»,- ասել է Պողոսյանի պաշտպանը։
Նշենք, որ Ներսես Պողոսյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել 235 հոդվածի 2 մասով՝ ապօրինի կերպով զենք֊զինամթերք կրելը, տեղափոխելը, փոխադրելը, սակայն հետագայում մեղադրանքը փոխվել է 235 հոդվածի 3-րդ մասի, այն է՝ կազմակերպված խմբի կազմում այդ գործողությունները կատարել։ Փաստաբանի խոսքով՝ Պողոսյանը 2006 թվականից ի վեր ակտիվ մասնակցել է քաղաքական ու հասարակական բողոքի ակցիաներին և նրա դեմ գործ հարուցելը, հավանաբար, այդ ակտիվության համար է եղել։