Հայաստանը, ընտանեկան բռնության վերաբերյալ օրենք ընդունելիս, կուրորեն չի ընդօրինակելու միջազգային փորձը, այլ հաշվի է առնելու ազգային առանձնահատկությունները։ Այս մասին այսօր Երևանում Եվրոպայի խորհրդի կողմից կազմակերպված միջազգային համաժողովի ժամանակ հայտարարել է ՀՀ Արդարադատության փոխնախարար Վիգեն Քոչարյանը։
Նա ասել է, որ այժմ ընտանեկան բռնության կանխարգելման օրենքը գտնվում է միջգերատեսչական քննարկումների փուլում, հետագայում կդրվի հասարակական քննարկման։
«Այն սահմանում է «ընտանեկան բռնություն» հասկացությունը, սահմանում է դրա տեսակները, սահմանում է այն ինստիտուցիոնալ հիմքը, որի վրա պետք է կառուցվի ընտանեկան բռնության դեմ պայքարը, նախատեսում է համապատասխան մարմինների լիազորությունները և նախատեսում է տուժածների պաշտպանություն․․․ Ոչ թե միջազգային փորձը կուրորեն ընդունակելով, այլ հաշվի առնելով մեր ազգային առանձնահատկությունները»,֊ ասել է Քոչարյանը։
Փոխնախարարը, օմբուդսմեն Արման Թաթոյանը և պատգամավոր Էլինար Վարդանյանը իրենց ելույթներում նշել են, որ ընտանեկան բռնության մասին օրենքը ոչ թե խարխլելու է հայկական ընտանիքը, այլ հակառակը «ամրապնդելու է հայկական ընտանիքները»։
«Հանրային ընկալման որոշակի խնդիրներ ունենք։ Անհիմն մեղադրանքներ են հնչեցվել այս օրենքի նկատմամբ՝ որ այն քանդում է հայ ընտանիքը, երեխաներին կարող են ընտանիքից վերցնել։ Պետք է ամբողջ պատասխանատվությամբ ասեմ, որ [օրենքը] նման մեխանիզմներ չի նախատեսում», ֊ ասել է փոխնախարար Քոչարյանը։
Կանանց ռեսուրսային կենտրոնի հոգեբան Սիրանույշ Դավթյանն ասել է, որ օրենքը նախ կարևոր է, քանի որ բռնության հանցանքը կքրեականացվի, մինչդեռ, մինչ այս բռնարարաները կարողանում էին խուսափել ազատազրկումից՝ վճարելով ընդամենը 150 կամ 200 հազար դրամ։
«Օրենքը կարևոր է նաև հոգեբանական առումով։ Կկարողանամ կնոջն ասել, որ պետությունը ունի օրենք, որ իրեն պաշտպանում է, ոչ թե որ ես եմ որպես ՀԿ իրեն օգնում, այլև պետությունը, հասարակությունը գիտակցում է, որ դա հանցագործություն է»,֊ ասել է Դավթյանը։