Չնայած Կառավարության 2016 թվականի ապրիլի 21-ի որոշման, համաձայն որի պատերազմական գործողություններում վիրավորված զինվորները պետբյուջեի հաշվին հնարավորություն էին ունենալու մեկնել արտերկիր՝ անվճար բուժման, ոչ մի զինծառայող չի օգտվում այդ հնարավորությունից: Այս մասին գրում է Hetq.am կայքը՝ նշելով, որ ապիլին վիրավորում ստացած զինծառայողները բուժման համար արտերկիր են մեկնել բարեգործությունների շնորհիվ։
Պաշտպանության և առողջապահության նախարարություններից կայքի հարցմանն ի պատասխան փոխանցել են, որ մինչ այժմ արտերկրում բուժվելու անվճար բուժօգնությունից օգտվել է միայն երեք զինծառայող, որոնք հրազենային վիրավորում են ստացել 2013 և 2014 թվականներին մարտական հերթապահության ժամանակ:
Այդ զինծառայողների` արտերկրում բուժման համար 2016թ. հատկացվել է տարվա բյուջեի ընդամենը 0,02 տոկոսը (երկու զինծառայողների բուժման ծախսն է)։ Իսկ 2017թ. բյուջեից առայժմ կառավարության որոշմամբ մեկ զինծառայող է ուղարկվել բուժման․ ծախսերը գնահատվել են 1,3 միլիոն դրամ։
Հետվերականգնողական բուժումը, ինչպես նշված է կառավարության որոշման մեջ, արտերկրում իրականացվում է միայն այն դեպքերում, երբ այն հնարավոր չէ իրականացնել Հայաստանում գործող բժշկական հաստատություններից որևէ մեկում։
Ընդհանուր առմամբ, ըստ առողջապահության նախարարության, 2016թ․ ապրիլյան գործողությունների ժամանակ վիրավորվել է 159 զինվոր։ Hetq.am -ին տրամադրած տեղեկության համաձայն՝ առողջապահության նախարարությունը արտասահմանում բուժվելու 5 դիմում է ստացել, որոնցից 3-ին տրվել է դրական եզրակացություն։ Նախարարությունը, սակայն չի հայտնել բացասական պատասխան դիմումատուների անունները՝ դա համարելով գաղտնի տեղեկություն։
«Դրական պատասխան ստացած երեք զինծառայողներն են 2013 և 2014 թվականներին մարտական հերթապահության ժամանակ հրազենային վիրավորում ստացած Աշոտ Գրիգորյանը, Մհեր Պետրոսյանը և Ռուզվելտ Թորոսյանը։ Նրանց բուժման համար բյուջետային ծախսերից հատկացվել է ընդհանուր առմամբ՝ մոտ 28 մլն դրամ», -գրում է կայքը։
Ապրիլյան քառօրյայի մասնակից զինվորներից, համաձայն կայքին տրամադրած ՊՆ-ի պատասխանի, արտերկրում գտնվում է 3 հոգի, որից 2-ը՝ հանգանակություններով, 1-ը՝ բարեգործական կազմակերպության նախաձեռնությամբ։
«Այսինքն՝ հանձնաժողովը նրանց բուժումը Հայաստանում հնարավոր է համարել՝ չհատկացնելով համապատասխան ֆինանսավորում։ Ոչ ՊՆ-ի, ոչ էլ առողջապահության նախարարության պատասխաններում նշված չեն հանգանակությունների միջոցով արտերկիր բուժման մեկնած զինծառայողների անունները», -գրում է կայքը։
Hetq.am-ի տեղեկություններով ` նրանցից երկուսը՝ ապրիլին վիրավորում ստացած Արման Լազգինյանը և Ռուբեն Առաքելյանը բարեգործությունների և հանգանակությունների շնորհիվ բուժվում են Գերմանիայում։
«Երկու զինծառայողների ծնողներն էլ այժմ կարծում են, որ արտերկրում բուժումն անկասկած արդյունք է տալիս», -եզրափակում է կայքը։