Բաքվում շուրջ երկու հարյուր ցուցարարներ, ոստիկաններին դիմակայելով, այսօր կանխել են քաղաքի Գաջի Ջավադ մզկիթի ապամոնտաժումը։ Կեսօրից հետո ոստիկանությունն ու տեղական իշխանության ներկայացուցիչները լքել են տարածքը, իսկ հավատացյալները նամազ են իրականացրել ոչ թե մզկիթի ներսում, այլ՝ փողոցում։
Մզկիթի շենքը գտնվում է տարածքում, որտեղ տեղի է ունենում քաղաքային ենթակառուցվածքների լայնածավալ վերակառուցում ու նոր ճանապարհների շինարարություն։ Ըստ նախագծի՝ տվյալ շենքը, որը չունի ճարտարապետական նշանակություն, նույնպես ենթակա է ապամոնտաժման։
Ոստիկանների հետ բախման ընթացքում շուրջ տասը ցուցարար բերման է ենթարկվել, իսկ մյուսները դեռևս չեն շտապում ցրվել։
Ադրբեջանական «Թուրան» գործակալության փոխանցմամբ, շենքն իրենից մզկիթի դասական օրինակ չի ներկայացնում՝ այն չունի մինարեթներ և խորանարդաձև է։ Շենքի ներքին չափսերը փոքր են՝ 12մ և 18մ, առաստաղի բարձրությունը՝ 6 մետր։ Ըստ մզկիթի այցելուների՝ շենքը կառուցվել է վաճառական Գաջի Ջավադի կողմից՝ 19-րդ դարում։
Լրագրողների հետ զրույցում Կովկասի մահմեդականների վարչության ղեկավար Ալաշուքյուր Փաշազադեն ասել է, որ մզկիթի ապամոնտաժման հարցը պետք է համաձայնեցնել հավատացյալների հետ, միևնույն ժամանակ, սակայն, հավելելով․ «Ապամոնտաժումն ինքնին կարող է արդարացված լինել, եթե դա արվում է տարածքը բարեկարգելու նպատակով»։
Նախորդ գիշեր շինարարների կողմից ապամոնտաժվել է 19-րդ դարի մեկ այլ՝ չգործող մզկիթ, որը նույնպես գտնվում է վերոհիշյալ տարածքում։ Հավատացյալները մտավախություն ունեն, որ իշխանությունները կարող են Գաջի Ջավադի ապամոնտաժումը սկսել գիշերը, երբ ցուցարարների թիվը մեծ չի լինի ու նրանք ի վիճակի չեն լինի լուրջ դիմադրություն ցուցաբերել։