Հայաստանում դատական համակարգը կայացած կառույց չէ դեռևս և դատավորները չունեն բավական ինքնուրույնություն և ազատություն արդարադատություն իրականացնելու համար։ Նման կարծիք է Epress.am-ի հետ զրույցում հայտնել փաստաբան Ռոբերտ Ռևազյանը, որը այլ դատապարտյալների թվում պաշտպանում է 24 տարի անազատության մեջ գտնվող, երկրորդ կարգի հաշմանդամություն ունեցող Վահագն Մարուքյանի շահերը։
Ապրիլի 10-ին Վերաքննիչ վարչական դատարանը մերժել է Մարուքյանի վաղաժամկետ ազատ արձակման դիմումը։ Փաստաբանը նշում է, որ իրենք համաձայն չեն վճռի հետ և բողոքարկելու են այն Վճռաբեկ դատարանում։ «Արթիկ» ՔԿՀ-ում գտնվող ցմահ դատապարտյալ Վահագն Մարուքյանը 1994 թ.-ին Վանաձորի Ռազմական ոստիկանության պետին դիտավորյալ սպանելու մեղադրանքով դատապարտվել է մահապատժի, 2003թ.-ից մահապատիժը փոխարինվել է ցմահ ազատազրկմամբ: Դատավճռի հիմքում դրվել է նաև Մարուքյանի ինքնախոստովանական ցուցմունքը, որը, նրա խոսքով, ինքը տվել է բռնության ենթարկվելուց հետո: Բանտում անցկացրած տարիների ընթացքում Մարուքյանը առողջական լուրջ խնդիրներ է ձեռք բերել, ունի հոդերի ընդհանուր սուր բորբքում և այժմ տեղաշարժվում է միայն սայլակի օգնությամբ։
Ռևազյանի խոսքով՝ եթե դատարաններն իրենց տեղում լինեն, ազատ լինեն ու հրապարակեն իրենց արդարացի որոշումները, ապա վարույթ իրականացնող մարմինները կսկսեն օրենքով շարժվել։
«Բայց քանի որ նրանք գիտեն, որ միևնույն է դատարանները չեն արձանագրելու խախտումներն ու ասելու են, որ ամեն ինչ կարգին է, խնդիրն այդպես էլ չի լուծվի»,- ասել է Ռևազյանը։
Փաստաբանը նշել է, որ պետք է լինի դատապարտյալի ուղղման ծրագիրը, որը Հայաստանում բացակայում է․ «Չկա ծրագիր, որով հստակ սահմանվում է, որ եթե դատապարտյալի վարքագիծը դրական չէ՝ ինչ պետք է լինի, ինչ պետք է անի նա։ Այսինքն՝ միայն ասվում է, թե չի մասնակցել հանրային աշխատանքներին, բայց չի նշվում՝ ինչ միջոցառում է, որ չի մասնակցել, կամ ինչի պատճառով չի մասնակցել»։
Նշենք, որ Մարուքյանը դեղորայք չստանալու պատճառով 2016 թվականի հոկտեմբերի 13-ին հացադուլ էր հայտարարել։