Նախորդ տարի ներում հայցող 362 դատապարտյալից ՀՀ նախագահի ներմանն են արժանացել 30-ը։ Թե ովքեր են այդ 30 դատապարտյալները, «Հրապարակ»-ի հարցմանն ի պատասխան՝ ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից պատասխանել են․ նախագահի ներման խնդրագրերի վերաբերյալ հրամանագրերն անհատական իրավական ակտեր են և ենթակա չեն պարտադիր հրապարակման։ Համաձայն օրենքի համապատասխան կետի՝ չի կարելի տարածել առանց անձի համաձայնության։
2016-ին ներում ստացած 30 դատապարտյալները, նշված է պատասխանում, հիմնականում ոչ մեծ կամ միջին ծանրության հանցագործությունների կատարման համար են դատապարտված եղել։
Այս տարի նախագահի հրամանագրով ներում է շնորհվել 11 դատապարտյալի։ Նրանք նույնպես, ըստ թերթին փոխանցած տեղեկությունների, դատապարտված են եղել միջին ծանրության հանցագործության կատարման համար։
«Նույն կարգով անհատական ակտեր են և հատուկ պաշտպանության կարիք ունեն նաև ոստիկանության, ՀՔԾ-ի, դատախազության ամենօրյա հաղորդագրությունների մեջ նշված անձինք, մինչդեռ ամեն օր տեսնում ենք, թե ինչպես են «02» ծրագրով, հեռուստատեսությամբ, համացանցում հրապարակվում քրգործերի մասին հաղորդագրություններ, չդատապարտված անձանց մասին տեղեկություններ, լուսանկարներ, տեսանյութեր։ Ուստի վստահ ենք, որ նախագահի ներման ակտերը և ներված անձանց անունները չհրապարակելը մեկ նպատակ ունի՝ թաքցնել, թե ում է Սերժ Սարգսյանը ներում շնորհում։ Քանզի դրանց հրապարակայնացման դեպքում, կարող է պարզվել, որ ձու գողացողը նստած է, իսկ «ձի գողացողը», որն իշխանությանը մոտ կանգնած կամ իշխանություններին ծառայություն մատուցած անձ է, ազատվում է պատժի կրումից ՀՀ նախագահի հատուկ հրամանագրով», – գրում է թերթը։
Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում