Եկել է ժամանակը հայաստանյան կրթական հաստատություններում դրամահավաքի և այլ անօրինական երևույթների դեմ կոնկրետ քայլեր ձեռնարկել: Այս մասին ասված է Ծնողների կրթական քաղաքացիական նախաձեռնության տարածած հայտարարության մեջ։ Մի խումբ ծնողների կողմից այս տարի ստեղծված նախաձեռնությունն որպես իր նպատակ է հռչակել կրթական համակարգում սոցիալական արդարության, մարդու իրավունքների և արժանապատվության, մասնակցայնության, թափանցիկության, հաշվետվողականության և յուրաքանչյուրի համար՝ որակյալ կրթություն ստանալու հավասար հնարավորությունների երաշխավորման սկզբունքների ապահովումը:
«Մայիսի վերջին և հունիսի սկզբին ավարտական 4-րդ, 9-րդ և 12-րդ դասարաններում քննական շրջան է, և ծնողները, մեծ մասամբ իրենց նախաձեռնությամբ, հյուրասիրություն են կազմակերպում քննական հանձնաժողովների համար: Ժամանակն է արմատախիլ անել այս քաղքենի և տգեղ երևույթը. այն պատիվ չի բերում ո՛չ մանկավարժին, ո՛չ կրթական հաստատությանը և ո՛չ էլ նախաձեռնողներին:
Հասունացել է կրթական հաստատություններում դրամահավաքի և այլ անօրինական երևույթների դեմ կոնկրետ քայլեր ձեռնարկելու պահը: Այդ քայլերի արդյունավետությունը կախված է ոչ այնքան Կրթության նախարարության շրջաբերականներից, որքան մեր՝ ծնողներիս ակտիվ և համախմբված ջանքերից:
Եկե՛ք հանուն մեր երեխաների՝ չարատավորենք այն միջավայրը, որտեղ նրանք կրթվում են, ուսուցչին շնորհակալ լինելը չարտահայտենք նվերներով (եթե դա ծաղիկ կամ բացիկ չէ) և քննությունների օրերին զանազան նյութական հատուցումներով: Մեր երկրում տիրող սոցիալական անարդարության և աղքատության պայմաններում ցուցաբերենք նաև համերաշխություն՝ չուռճացնելով արտադպրոցական միջոցառումների ծախսերը:
Հիշե՛նք, նվերները և դրամական օժանդակությունը բացահայտ կոռուպցիոն երևույթներ են և տեղ չունեն ժողովրդավարական հասարակություններում: Միայն բարեկիրթ և անկաշառ կրթական միջավայրում կարող է մեր երեխան ձևավորվել որպես ազատ ու ստեղծարար, իրավագիտակից, հանրային շահի հանդեպ նախանձախնդիր ու պատասխանատու քաղաքացի… Նվերներով կախյալ մի՛ դարձրեք ուսուցիչներին, քանի որ դա նրանց հետ է պահում պետությունից արժանի վարձատրություն և սոցիալական արտոնություններ ակնկալելուց և պահանջելուց», ֊ ծնողներին ուղղված կոչում նշում են նախաձեռնության անդամները:
Հայտարարության հեղինակներն առաջարկում են համախմբված ու միասնական գործել, լուսանկարել, տեսանկարահանել նվերներն ու հյուրասիրությունները և ուղարկել Ծնողների նախաձեռնության էլ․ հասցեին ՝ [email protected]:
«Մենք խոստանում ենք հանրայնացնել դրանք։ Բացի այդ, բազմաթիվ ապացույցների առկայությունը մեզ կօգնի ավելի վճռականորեն պահանջելու գործելակերպի փոփոխություն։ Երաշխավորում ենք նյութը ներկայացրած անձի գաղտնիությունը և անանունությունը․ հրապարակման մեջ կշվի միայն դպրոցի անունը և թե որ քննության ժամանակ է տեղի ունեցել տվյալ դեպքը», ֊ հայտարարությունը եզրափակում է նախաձեռնությունը:
Կրթական քաղաքացիական նախաձեռնության մասին մանրամասն տեղեկություններ՝ այստեղ