հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Բնապահպանություն / Բնապահպաններն առաջարկում են պարզել՝ ինչու են «Շիկահող» արգելոցում տասնյակ կաղնիներ հատել

Բնապահպաններն առաջարկում են պարզել՝ ինչու են «Շիկահող» արգելոցում տասնյակ կաղնիներ հատել

Չնայած Բնապահպանության նախարարության պնդումներին, որ Սյունիքի մարզում գտնվող «Շիկահող» արգելոցում չեն հատել աշխարհում հազվագյուտ համարվող բարձրարժեք խոշորառէջ կաղնիները, տեղացիները պնդում են, որ այդ կաղնիները հատվել են որպես շինափայտ՝ հատկապես կոնյակի տակառներ պատրաստելու նպատակով, և հովանավորվում են որոշակի շրջանակների կողմից։ Այս մասին գրում է Հայկական բնապահպանական ճակատը (ՀԲՃ)՝ ընդգծելով, որ միջազգային շուկայում այդպիսի մեկ տակառի գինը կազմում է մոտ 1200 Եվրո։

ՀԲՃ-ն նշում է, որ արգելոցի տարածքում հատված 30 կաղնիների մասին բարձրաձայնվել էր դեռևս 2016 թվականին` «Արմինֆո» գործակալության կողմից։ Այդ ահազանգից ընդամենը մի քանի օր անց Բնապահպանության նախարարությունը հերքել էր ծառերի հազվագյուտ տեսակների հատման մասին տեղեկատվությունը: Նախարարությունն ընդգծել էր, որ, հատումներ օրինական կարգով իրականացվել են «Արցախանտառ» ՊՈԱԿ-ին պատկանող պահաբաժնում՝ ԼՂՀ օրենսդրությանը համապատասխան։

2017 թվականին Հայկական բնապահպանական ճակատ քաղաքացիական նախաձեռնության և տարբեր շահագրգիռ կողմերից կազմված հանձնաժողովն այցելել էր հատված կաղնիների գտնվելու վայրը։

«Պարզվեց, որ այն գտնվում է «Շիկահող» պետական արգելոցի և Արցախի Հանրապետության հենց սահմանագլխին։ Մենք վերցրեցինք հատված կաղնի ծառերի կոճղերի, չկտրված, սակայն համարակալված ծառերի, անտառում տարբեր տեղեր թափված փայտանյութի և թրթուրավոր տեխնիկայով բացված գրունտային ճանապարհների կոորդինատները։ Այդ կոորդինատների հետագա համադրման արդյունքում՝ մենք և «Զանգեզուր կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի աշխատակիցները համոզվեցինք, որ այդ աշխատանքները կատարվել են Հայաստանի Հանրապետության վարչական տարածքում», – գրում է ՀԲՃ-ն՝ նշելով, որ մանրակրկիտ և լայնամասշտաբ ուսումնասիրության կարիք դեռ կա, քանի որ այս հատումները կարող են ընդգրկել «Շիկահող» արգելոցի այլ տարածքներ ևս։

ՀԲՃ-ն առաջարկում է արագ պարզել հանձնաժողովի կողմից ներկայացրած կոորդինատների վարչական պատկանելիությունը, ուսումնասիրել և ներկայացնել հանրությանը «Շիկահող» արգելոցի տարածքում 2015-2017 թվականներին կատարած գարնանային և աշնանային ստուգման արդյունքները, հայտնաբերել և գույքագրել «Շիկահող» արգելոցի տարածքում հատված բոլոր խոշորառէջ կաղնիները՝ հնարավորության դեպքում պարզելով նաև հատման հստակ տարեթիվը։ Հաշվարկել բնությանն ու հողի բերրի շերտին հասցված վնասը։ Գույքագրել և համարակալել դեռևս չհատված խոշորառէջ կաղնիները, ուժեղացնել արգելոցի պահպանության միջոցառումները հատկապես «Արցախանտառ» ՊՈԱԿ-ին սահմանակից տարածքներում։