Թբիլիսիում առևանգվել է ադրբեջանցի լրագրող Աֆղան Մուխտարլին, ով վերջին երեք տարիների ընթացքում բնակվում էր Վրաստանի մայրաքաղաքում։ Ժամեր անց հայտնի է դարձել, որ Մուխտարլին ուղարկվել է Բաքու և այժմ պահվում է Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության կենտրոնական վարչությունում։
Փաստաբան Էլչին Սադիգովը, ով լրագրողին հանդիպել է մայիսի 30֊ին, Turan գործակալությանն ասել է, որ Մուխտարլիին մեղադրանք է առաջադրվել «պետական սահմանի ապօրինի հատման» և «մաքսանենգության» հոդվածներով։
«Մուխտարլին իր ցուցմունքներում նշել է, որ մայիսի 29֊ին ժամը 18։00֊ի սահմաններում իր տան մոտակայքում իրեն նստեցրել են «Օպել» մակնիշի մեքենա։ Մեքենայում կապել են ձեռքերն ու հարվածներ հասցրել իրեն։ Մուխտարլիի քթի վրա, աջ աչքի տակ ու ճակատի մեջտեղում կան կապտուկներ։ Նա ենթադրում է, որ ձախ ողը կոտրել են։ Թբիլիսիից դուրս գալուց հետո նրա գլխին պարկ են հագցրել։ Երբ ասել է, որ սիրտը ցավում է ու չի կարողանում շնչել, պարկը հանել են։ Գլուխը, սակայն, փաթաթել են շապիկով ու ամրացրել կպչուն ժապավենով։ Ճանապարհին անցկացրել են երկու ժամ, ու ընթացքում մի քանի անգամ փոխել են մեքենաները։ Վերջին մեքենայում գտնվող մարդիկ խոսել են ադրբեջաներեն։
Մուխտարլիին բերել են ադրբեջանական սահմանային կետ ու գրպանը 10 հազար եվրո դրել։ Նա ասել է, որ փոխերն իրեն չեն պատկանում։ Ես միջնորդել են բժշկական հետազոտություն անցկացնել ու պահանջել սահմանային կետի տեսախցիկների նկարահանումները։ Այժմ նա պահվում է որպես կասկածյալ ու վաղը դատարանը քննելու է խափանման միջոցը փոխելու հարցը»,֊ ասել է փաստաբանը։
Պատասխանելով լրագրողների հարցերին, Սադիգովը նշել է, որ Մուխտարլին կարծում է՝ Թբիլիսիում իրեն բերման ենթարկած անձինք Վրաստանի անվտանգության մարմինների աշխատակիցներին էին․ «Աֆղանն ինձ ասել է, որ այդ անձինք չեն ներկայացել, բայց նման էին Վրաստանի անվտանգության մարմինների աշխատակիցների»։
Հետաքննող լրագրող ու քաղաքացիական ակտիվիստ Աֆղան Մուխտարլին, վախենալով քաղաքական ճնշումներից, Վրաստան էր տեղափոխվել 2014 թվականին, որտեղ ևս շարունակել էր քննադատել Ադրբեջանի իշխանություններին ու բազմիցս բողոքի ցույցեր անցկացրել Թբիլիսիում Ադրբեջանի դեսպանության դիմաց։
Մամուլի ասուլիսի ժամանակ մի քանի քաղաքական էմիգրանտներ պատմել են ադրբեջանական իշխանությունների քննադատների նկատմամբ Վրաստանի տարածքում տեղի ունեցող հետապնդումների մասին։ Դաշգըն Ագալարլիի խոսքով՝ Մուխտարլիի առևանգումը SOCAR պետական նավթային ընկերության անվտանգության ծառայության ձեռքի գերծն է, որը արդեն տևական ժամանակ հետևում է ալիևյան ռեժիմի՝ Վրաստանում բնակվող քննադատներին։
«Նրանց բոլորին անձամբ ճանաչում ենք․ մի քանի անգամ հրահրել են մեզ, անդընդմեջ հետևում են մեզ ու վերջին երկու շաբաթվա ընթացքում իրենց հատկապես վատ էին պահում։ Չեմ ուզում հավատալ, բայց ինչպես երևում է, Վրաստանի իշխանություններն Ադրբեջանի իշխանություններին թույլ են տվել իր տարածքում մարդկանց առևանգել»,֊ ասել է Ագալարլին։
Վիդադի Իսկենդերովն, իր հերթին, նշել է, որ մի քանի օր առաջ Վրաստանի իշխանությունների ներկայացուցիչներն իրեն բացեիբաց հայտնել են, որ Բաքուն սպառնում է Վրաստանին՝ պահանջելով իր տարածքից դուրս բերել քաղաքական էմիգրանտներին․ «Հակառակ դեպքում, Ադրբեջանի իշխանությունները սպառնում են Վրաստանի դեմ տնտեսական պատժամիջոցներ կիրառել»։
Երգահան Էլմիր Միրզոևը, ով նույնպես ստիպված է բնակվել Ադրբեջանից դուրս, այսպես է մեկնաբանել լրագրողի առևանգումը․ «Հարգելի վրացի ընկերներ, խնդրում եմ չվիրավորվեք, բայց ինչպես երևում է, ձեր երկիրն արդեն դարձել է Ալիևների ավտոնոմիան։ Սա է իրականությունը։ Ալիևները վրացիներին թույլ են տալիս ունենալ սեփական դրոշ, հիմն, արժույթ ու նույնիսկ բանակ․ ավտոնոմիայի պաշտոնական լեզուն վրացերենն է։ Ու ավտոնոմիան, թերևս, այսպես է շնորհակալություն հայտնում Ալիևներին։ Ուրիշ ինչպե՞ս կարելի է բացատրել Թբիլիսիում օրը ցերեկով լրագրող ու քաղաքական էմիգրանտ Աֆղան Մուխտարլիի առևանգումը։ Սա վրացական ու ադրբեջանական հատուկ ծառայությունների համատեղ գործողություն էր։ [․․․] Աֆղանի բոլոր փաստաթղթերը, այդ թվում անձնագիրը, մնացել են տանը։ Ինչպե”ս կարելի է մարդուն առանց որևէ փաստաթղթի անցկացնել Վրաստանի սահմանով առանց Վրաստանի իշխանությունների ու հատուկ ծառայությունների համաձայնության։ Ինչպես երևում է, Վրաստանն իրոք Ալիևների ավտոնոմիան է․ այլ կերպ այս ամենը հնարավոր չէ մեկնաբանել»։