Միայն հացադուլ հայտարարելուց հետո «Հրազդան» ՔԿՀ-ում պահվող ծանր հիվանդ կալանավոր Արայիկ Հակոբյանին այսօր խոստացել են նորից տեղափոխել Դատապարտյալների հիվանդանոց, որտեղ սրտի հիվանդություն ունեցող կալանավորը կարող է բժշկական օգնություն ստանալ։ Հունիսի 8-ից բուժօգնության պահանջով հացադուլի մեջ գտնվող կալանավորն այսօր՝ հունիսի 13-ին, դադարեցրել է հացադուլը։
«Բժիշկը ինչ-որ թուղթ է ուղարկել, ինչ-որ կարգադրություն, որ տղայիս «Հրազդան»-ից հետ ուղարկեն նորից Դատապարտյալների հիվանդանոց», – Epress.am-ի հետ զրույցում ասել է կալանավորի հայրը՝ Մաքսիմ Հակոբյանը։
Արայիկ Հակոբյանի շահերը պաշտպանող «Հելսինկյան ասոցիացիայի» ներկայացուցիչ Արման Վեզիրյանն այն կարծիքն է հայտնել, որ եթե կալանավորը հացադուլ չաներ, իրավապաշպան կազմակերպությունը և մամուլը չարձագանքներ այս խնդրին, գուցե, Հակոբյանին չտեղափոխեին Դատապարտյալների հիվանդանոց։
Ավելի վաղ կալանավորի հայրը պատմել էր, որ արդեն 9 տարի բանտում գտնվող Արայիկ Հակոբյանը 2 անգամ սրտի վիրահատություն է տարել, և բժշկի ցուցումով նա պետք է գտնվի սրտաբանի հսկողության տակ: Մայիսին կարճ ժամանակով Հակոբյանին տեղափոխել էին Դատապարտյալների հիվանդանոց։ Ապա, հանձնաժողովի որոշմամբ, հունիսի 7-ին «Դատապարտյալների հիվանդանոց»-ից տեղափոխել էին «Հրազդան» ՔԿՀ, որտեղ, ըստ «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան կազմակերպության, բժիշկ-սրտաբան չկա: