2017 թվականի փետրվար-ապրիլ ժամանակահատվածում Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում նշանակված 2265 քաղաքացիական գործերի 71 %-ը (1609) վերաբերվել է բանկերի և վարկային կազմակերպությունների կողմից քաղաքացիներից գումարների բռնագանձման պահանջին: Գորիսում գործող «Իրավունքների տեղեկատվական կենտրոն» կազմակերպությունը դատական նիստերի դիտարկում է կատարել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի՝ Գորիսի և Կապանի նստավայրերում:
Epress.am-ի հետ զրույցում կազմակերպության ծրագրերի համակարգող Նարեկ Դադունցը նշել է, որ քաղաքացիների գերակշիռ մասը վարկային գործերում որպես երաշխավորներ ներգրավվել են անիրազեկվածության, անուշադրության պատճառով՝ առանց հետևանքների մասին պատկերացում ունենալու: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ դատական գործերի մեջ ներքաշված քաղաքացիները իրավաբանական աջակցության կամ խորհրդատվության կարիք են զգում:
«Գյուղի ժողովուրդը հիմնականում նշում է, որ անիրազեկ է, չի իմացել, որ վարկը չմուծելու դեպքում իրենք են [երաշխավորները] տուժում։ Բացի դրանից, մարդիկ առանց պայմանագիրը կարդալու ստորագրում են։ Իրենց ասում են՝ ստորագրեք, մենք մուծելու ենք», – Դադունցի խոսքով՝ նմանատիպ դատական բոլոր գործերն էլ հիմնականում ավարտվում են քաղաքացիներից գումարներ բռնագանձելով։
Դադունցը նշել է՝ մարզում օրական 20-30 դատական նիստ է լինում վարկերի հետ կապված, և յուրաքանչյուր երկրորդ քաղաքացի պարտքերի ու վարկերի տակ է։
Գորիսում անցկացվող վերջին դատական նիստերից մեկը, որի դիտարկմամբ զբաղվում է «Իրավունքների տեղեկատվական կենտրոն» կազմակերպությունը, վերաբերում է «Անիվ» ունիվերսալ վարկային կազմակերպությանը։
Դադունցը մեջբերել է Գորիսի բնակիչներից մեկի խոսքը, որն ասել է, թե կեղծ ստորագրությամբ իր անունով վարկ են տրամադրել մեկ այլ անձի։ Խնդրի առնչությամբ քրեական գործ է հարուցվել։