Կառավարության առաջիկա 5 տարիների ծրագիրը հույս չի ներշնչում, թե խոստացվող առաջընթացները՝ աղքատության հաղթահարման, ներդրումներ ներգրավելու և այլնի մասին չեն մնա թղթի վրա, ինչպես եղել է նախորդ Կառավարության ծրագրի դեպքում։ Այս մասին այսօր ԱԺ նիստին հայտարարել է «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։
Մասնավորապես, ըստ պատգամավորի, անհնար է խոստացված աղքատության նվազեցումն այն դեպքում, երբ հաշվարկված է 4 տոկոս գնաճ, որի պայմաններում աշխատավարձները պետք է բարձրանան 25 տոկոսով, ինչն անհնար է։
«2013 թվականին Կառավարության աշխատակազմի ղեկավար֊նախարար Վաչե Գաբրիելյանն ԱԺ֊ում խոստացավ, որ նվազագույն աշխատավարձը 2017 թվականին կլինի 70.000 դրամ, այսինքն այս տարի արդեն մենք պետք է ունենայինք այն նվազագույն աշխատավարձը, ինչը [այժմ] խոստանում են 2022 թվականի համար։ Ուստի որտեղ է երաշխիքը, որ այս թվերը չեն մնալու թղթի վրա, ինչպես մնացել են նախկինում հայտարարված թվերը։ Պաշտոնական տվյալներով աղքատությունը 30 տոկոս է, բայց մենք գիտենք, որ այն շատ ավելի մեծ է, որովհետև Հայաստանն այն եզակի երկրներից է, որտեղ կան աշխատող աղքատներ։ Այսինքն՝ դե֊յուրե աշխատող աղքատները ներառված չեն այդ աղքատների ցանկում, սակայն, ստանալով կենսամարկարդակը չապահովող աշխատավարձ, ունեն տարրական հացի խնդիր»,֊ ասել է Զոհրաբյանը։
Նա նկատել է, որ նախորդ Կառավարությունը չի կատարել նաև 2016 թվականին տրված 2.2 տոկոս տնտեսական աճ ունենալու խոստումը․ տնտեսական աճը կազմել է 0.2 տոկոս։
«Ծրագրում ամրագրված է, որ նրանց, ովքեր ներդրումներ կբերեն Հայաստան, կտրվի քաղաքացիություն։ Այս մոդելը կիրառվում է Մեծ Բրիտանիայում, Շվեցարիայում, բայց մեր երկրում ներդրումներին խանգարում է ոչ թե այն, որ մենք այդ մարդկանց չենք տալիս քաղաքացիություն, այլ այն, որ ներդրողներից ուզում են «ատկատ», ներդրողներից ուզում են «փայ մտնել», որ կոռուպցիան էդ ոլորտում ամենասարսափելին է»,֊ ասել է պատգամավորը։