Հունիսի 10-ից Կառավարության որոշմամբ քրեակատարողական հիմնարկներում որոշակի փոփոխության է ենթարկվել ազատազրկվածներին տրամադրվելիք սննդի չափաբաժինը։ Մասնավորապես, 650 գրամ հացի փոխարեն այսուհետև տրամադրվելու է 500 գրամ։ Փոխվել են նաև մսի, պանրի և կարագի չափաբաժինները։ Կրճատված սննդի թեման այսօր քննարկվել է «Մեդիա կենտրոն» մամուլի ակումբում։
Կառավարության որոշումը զարմանալի և անակնկալ էր ՔԿՀ-ներում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի համար:
«Ճիշտ է՝ սննդի փոփոխության հարցը բարձրաձայնվել էր դեռ անցած տարի, սակայն այն չէր դրվել բաց քննարկման», – այսօր ասել է քննարկման մասնակից, դիտորդական խմբի անդամ Ռուբեն Սարգսյանը։
«Փոփոխության հիմքում դրվել է Ռուսաստանի Դաշնության ՔԿՀ-ներում դատապարտված անձնանց սննդի օրական չափաբաժինները», – հակադարձել է Քրեակատարողական վարչության նյութատեխնիկական ապահովման բաժնի պետ, քննարկման մասնակից Արմեն Հակոբյանը։ Նա վստահեցրել է, որ հաշվի են առնվել նաև տարբեր գերատեսչությունների կարծիքներ, մասնավորապես, Առողջապահության նախարարության և Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի։
Նշենք, որ ավելի վաղ Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը հայտարարել էր, որ կրճատվել է ոչ թե սննդի քանակը, այլ կալորիականությունը, և դա արվել է առողջապահական ցուցանիշներով։
Քննարկման մասնակից, դիտորդական խմբի անդամ Ռոբերտ Ռևազյանի խոսքով, սակայն, սննդի կրճատման հիմնավորումը կամ սկզբունքը բացակայում է։
Վերջինս անդրադարձել է ՔԿՀ-ներում տրամադրվող սննդի որակին։ Հիմնականում սննդի որակի հետ կապված դժգոհություններ լինում են «Նուբարաշեն», «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկներից և «Երևան կենտրոն»-ից։ Ավելի քիչ դժգոհություններ լինում են «Արմավիր» և «Գորիս» քրեակատարողական հիմնարկներից։
Նա նշել է, որ դիտորդական առաքելության ժամանակ իրենք արձանագրել են, որ որոշ բանտերում առհասարակ բացակայում է սննդի բազմազանությունը։ Կալանավորներին ամեն օր տալիս են շոգեխաշած կաղամբ կամ մակարոն և կարտոֆիլ։
Այդ պատճառով կալանավորները շատ դեպքերում հրաժարվում են սնվել և սնունդ են ստանում իրենց հարազատներից։ Ռևազյանի գնահատմամբ, մասնավորապես, «Նուբարաշեն»-ում կալանավորների մոտ 70 տոկոսը հրաժարվում է սննդից։ Չնայած դրան, հացը բոլոր կալանավորները վերցնում են և դա չպետք է կրճատվեր, կարծում է Ռևազյանը։
Քրեակատարողական վարչության իրավաբանական բաժնի պետի տեղակալ, արդարադատության փոխգնդապետ Տիգրան Սահակյանը համաձայն չէ «չափազանցված թվերի» հետ։ Իրենց ուսումնասիրության համաձայն, 2016-2017 թվականներին «Նուբարաշեն» օրական հազիվ 100 հանձնուք են բերում, այն դեպքում, երբ կալանավորների թիվը 3000-ից ավել է։
Ռևազյանը հակադարձել է՝ 100 հանձնուք տանելը դեռ չի խոսում, որ ընդամենը այդքան կալանավոր է դրսից սնունդ ստանում։ Ռևազյանի դիտարկմամբ՝ ամեն օր 5-10 հոգու համար կալանավորներից մեկի ընտանիքն է սնունդ տանում։
Այնուամենայնիվ, Քրեակատարողական վարչության ներկայացուցիչների խոսքով՝ այժմ կալանավայրերում սննդի հետ կապված խնդիրները լուծվել են։ Հենց սննդի բազմազանությունն ապահովելու համար են որոշ մթերքներ կրճատվել, որոշներն էլ ավելացվել են։ Օրինակ՝ այժմ օրական 15 գրամ կարագ են տալիս յուրաքանչյուր կալանավորի այն դեպքում, երբ մինչ դա կարագը տրվում էր միայն անչափահասներին, հղի և հիվանդ կալանավորներին։
Ինչ վերաբերվում է կալանավորների կողմից սննդի հրաժարումից, ապա դա ոչ թե որակի պատճառով է, այլ մանիպուլացիաներ են դրանք, վստահ է Հարությունյանը․ «Սննդից կարող են հրաժարվել պատճառաբանությամբ՝ ինչու իրենց չեն տալիս պայմանական վաղաժամկետ ազատում»։
Բանտերում սննդի հետ կապված վիճակի մասին նախկին կալանավորների կարծիքը Epress.am֊ի տեսանյութում՝ այստեղ