Սեպտեմբերի 14-ի 13։40-ի սահմաններում Երևանի կենտրոնում՝ Վերնիսաժի տարածքում հնչած կրակոցների պատճառը Ալավերդի համայնքի երկու հանցավոր խմբավորումների տարիներ տևող «ռազբորկան» էր։ Կրակոցների հետևանքով մեկ հոգի սպանվել է, մեկը՝ վիրավորվել։ Վիրավորը մեկը՝ Վահագն Աբգարյանը, Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի թիմից է, մահացածը՝ Աբգարյանի թիկնապահ 43-ամյա Գագիկ Մոսինյանն է։ Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։
«Չի բացառվում, որ կրակոցները կապ ունեն այս տարվա հունիսի 13-ինն Լոռու մարզում տեղի ունեցած սպանության հետ։ Ժամը 12։20-ի սահմաններում անհայտ անձը կրակելով սպանել էր Ալավերդի քաղաքի բնակիչ Կամո Փիրուզյանին», -գրում է թերթը՝ մանրամասն նկարագրելով երեկվա դեպքի նախապատմությունը։
Ալավերդիում իշխող հանցավոր խմբավորից մեկը ղեկավարում է քրեական հեղինակություն Տարոն Աբգարյանը, մյուսը՝ նրա հեռավոր ազգական և միաժամանակ թշնամի Վահագն Աբգարյանը։
2015 թվականի սեպտեմբերին՝ Ալավերդու քաղաքապետի ընտրությունների ժամանակ, հիմնական թեկնածուները մարզպետ Նալբանդյանի մտերիմ Կարեն Փարեմուզյանն ու հեղինակություն Տարոն Աբգարյանի եղբայրը՝ անկուսակցական Արթուր Աբգարյանն էր։ Փարեմուզյանին նախընտրական աշխատանքներում ընդգրկվել էր ալավերդցի Վահագն Աբգարյանը։
Հաղթել է մարզպետի թեկնածուն, որից հետո «ռազբորկաներից» մեկի ժամանակ Տարոն Աբգարյանի տղաներից՝ Վարդան Փիրուզյանը սպանել է Վահագնի խմբի երկու տղաներին՝ Էդվարդ Պողոսյանին և Վարդան Ավագյանին։ Այս տարի հունիսին սպանվել է Վարդան Փիրուզյանի եղբայրը՝ Կամո Փիրուզյանը։ Եվ ահա երեկ կրակել են Վահագնի ուղղությամբ, բայց սպանվել է թիկնապահը՝ Գագիկ Մոսինյանը։
«Ու կարելի է ասել, որ կրիմինալը երեկ հերթական ապտակը հասցրեց իրավապահ համակարգին՝ ցույց տալով, որ ինքն է իրադրության տերը: Իհարկե, նրանց այս անարգել խրախճանքը պատահական չէ. նույն քրեական տարրերն ընտրություններին աշխատում են իշխանությունների համար, և որպես փոխհատուցում արտոնություններ ստանում», -գրում է թերթը։
ՀՀ ոստիկանությունը դեպքի առնչությամբ հաղորդագրություն է տարածել՝ նշելով հանցագործությունը կատարելու մեջ կասկածվողների ինքնությունը՝ 1957 թ. ծնված Ռաֆիկ Խաչատրյան, 1982 թ. ծնված Ալբերտ Բլբուլյան և 1984 թ. ծնված Արմեն Կարադավիդով:
Կասկածյալները հետախուզվում են։