Մոտ 2 շաբաթ առաջ՝ սեպտեմբերի 6-ին, Հայաստանի կառավարությունը պատասխանել է «Սասնա ծռեր»-ի անդամ Հովհաննես Հարությունյանի առողջության հետ կապված ՄԻԵԴ-ի հարցերին։ Հարությունյանի պաշտպան Հայարփի Սարգսյանի խոսքով՝ ՀՀ կառավարությունը, հավատարիմ մնալով իր գործելաոճին, նշել է, որ հոգ է տանում կալանավորի վիճակի մասին, այն դեպքում, երբ այսօր էլ Հարությունյանը զրկված է անհրաժեշտ բուժօգնությունից։ Սարգսյանն իր առարկությունները ՄԻԵԴ է ուղարկելու հոկտեմբերի 10-ին։ Դրանից հետո, ամենայն հավանականությամբ, ՄԻԵԴ-ը վերջնական որոշում կընդունի Հարությունյանի հարցով։
«ՀՀ կառավարությունն ընտրել է մի դիրքորոշում՝ ՄԻԵԴ-ին պատասխանի նույնը՝ մշտապես բուժվել է, բուժհսկողության տակ է»,- ասել է Սարգսյանը։
ՄԻԵԴ-ին գրված իր դիմումում պաշտպանն անդրադարձել էր ոչ միայն Հարությունյանի վիճակին, այլև «Սասնա ծռերի» գործով օգոստոսի 3-ի դատական նիստից հետո Հարությունյանին հրելով ու քաշքշելով աստիճաններից իջեցնելու հանգամանքին։
Իր դիմումում Սարգսյանը նաև անդրադարձել է հուլիսի 27-ի դատական նիսիտին, որի ժամանակ դատավոր Արտուշ Գաբրիելյանը նրան զրկել էր խոսքի իրավունքից։ Սարգսյանը պահանջել էր դատական նիստի արձանագրությունը, որ տրվել էր, սակայն ոչ ամբողջական։
«Օգոստոսի 3-ի հետ կապված Կառավարությունը ոչ մի անդրադարձ չի կատարել, իսկ հուլիսի 27-ի դեպքին ասել է, որ նման բան չի կատարվել», -ասել է Սարգսյանը։
Մոտ մեկ ամիս առաջ մեզ հետ զրույցում Սարգսյանն ահազանգել էր, որ ոտքի ահագնացող ցավերի պատճառով Հարությունյանն ինքն իրեն ցավհանգստացնողներ է ներարեկում։
«Շուրջ 2 շաբաթ նրա մոտ թողեցին ցավհանգստացնողներ։ Երբ ես դիմեցի Արդարադատության նարախարություն և Մարդու իրավունքների պաշտպանին՝ նշելով, որ պատասխատանու կլինեն, եթե որևէ սխալ բան տեղի ունենա, այդ բանից հետո դեղերի և ներարկիչի տրամադրումը դադարեցվել է և պատասխան տրվել, որ նման բան տեղի չի ունեցել», -ասել է Սարգսյանը՝ ընդգծելով, որ ՄԻՊ-ն այդ ամենն արձանագրել է։
Հովհաննես Հարությունյանի վիճակի մասին մանրամասն՝ այստեղ: