Home / Հայաստան / ՀՔԾ֊ն պետք է քննի ոստիկանության կողմից խաղաղ հավաքների խոչընդոտման դեպքերը․ փաստաբան

ՀՔԾ֊ն պետք է քննի ոստիկանության կողմից խաղաղ հավաքների խոչընդոտման դեպքերը․ փաստաբան

Թռուցիկներ բաժանելու համար քաղաքացիներին ոստիկանության բաժանմունք տանելը քրեորեն պատժելի արարք է, և ՀՔԾ-ն պետք է դա քննի և գործ հարուցի։ Epress.am-ի հետ զրույցում փաստաբան Տիգրան Հայրապետյանն անդրադարձել է Եղնուկյանների ընտանիքին և աջակիցներին, մասնավորապես, «Հայ կանանց ճակատ» նախաձեռնության անդամ Սյուզան Սիմոնյանի, ոստիկանություն տանելու փաստին։

Այսօր առավոտյան Հանրապետության հրապարակից բողոքի ակցիա իրականացնելու ժամանակ ոստիկանները բերման են ենթարկել Սյուզան Սիմոնյանին, սակայն ճանապարհի կեսից իջեցրել են և ասել, որ տեղի ունեցածը թյուրիմացություն է եղել։

Երբ Սիմոնյանը չի ցանկացել իջնել մեքենայից՝ պահանջելով իրեն տանել ոստիկանություն՝ ապօրինի բերման ենթարկելու մասին հայտարարություն տալու համար, նրան ուժով իջեցրել են։

«Ինձ խաբելով են իջեցրել, ասել են՝ մեր սխալը ուղղելու համար, մենք ձեզ տաքսի կնստեցնենք ու կուղարկենք տուն, սակայն իջեցրին և արագությամբ նստեցին մեքենա ու փախան», – «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է Սիմոնյանը։

Նշենք, որ երեկ Եղնուկյանի ընտանիքի անդամներին և աջակիցներին բերման էին ենթարկել, երբ նրանք փորձել էին իրականացնել նույնանման ակցիա։

«Ոստիկանությունն անձի կամ մի խումբ անձանց հավաքի մասնակցելու սահմանադրական իրավունքը խախտում է, և դա մի քանի հոդվածներով պատժելի արարք է», – նշել է Հայրապետյանը։

Քրեական օրեսնգրքում, փաստաբանի խոսքով, կա համապատասխան հոդված, ըստ որի՝ անձի սահմանադրական իրավունքները խոչընդոտելը, եթե հատկապես կատարվում է պաշտոնատար անձի կողմից, քրեորեն պատժելի արարք է, և Հատուկ քննչական ծառայությունը պետք է զբաղվի այս գործով։

Հայրապետյանի տեղեկություններով՝ Եղնուկյանների ընտանիքը դեռ չի կողմնորոշվում՝ բողոք ներկայացնել, թե ոչ։

Նշենք, որ երեկ Կենտրոն և Նորք Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում պետք է տեղի ունենար Կարո Եղնուկյանի գործով դատական նիստը, որը, սակայն, հետաձգվել է։

Տիգրան Հայրապետյանը չի բացառել, որ դա կարող էր կապված լինել Եղնուկյանների՝ ոստիկանության բաժանմունք տանելու հետ․ «Գուցե մտածել են, որ դա կարող էր վերածվել հավաքի կամ հանրային միջոցառման։ Վերջին գործողությունները ցույց են տալիս, որ ոչ միայն Եղնուկյանն է անցանկալի անձ, այլ նաև նրա հետ կապված ամեն մի պաշտպանություն խոչընդոտվում է»։